ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Ընդ որում. Տոնոյանի մոսկովյան վերջին այցից շատ ժամանակ չի անցել։ ՀՀ պաշտպանության նախարարը Ռուսաստան էր մեկնել օգոստոսի 11-ին։ «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում Տոնոյանն այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ»,- գրել է նա:
 
Տոնոյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի նախօրեին և դրան հաջորդած օրերին երկու ուշագրավ հրապարակում է հայտնվել ռուսական մամուլում: Այսպես՝ օգոստոսի սկզբին ռուսական հեղինակավոր «Kommersant» պարբերականը հրապարակեց հոդված, որում, մասնավորապես, ասվում էր, թե ռուսական կողմը զայրացած է այն հանգամանքով, որ անակնկալ կերպով քրեական պատասխանատվության է կանչվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Կրեմլում դա համարել են լուրջ հարված ՀԱՊԿ հեղինակությանը եւ չեն բացառել, որ կառույցը կարող է այլ երկրի ներկայացուցիչ ղեկավարել։ Հարվածի տակ է հայտնվել նաեւ Հայաստանին ավելի քան 100 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման հարցը։ ՌԴ պաշտպանության փոխնախարարի մակարդակով այդ տեղեկատվությունը հերքվեց, սակայն ինչպես ասում են՝ «չկա ծուխ առանց կրակի»:Ընդամենը օրեր անց, Տոնոյանի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված էր հրապարակել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության մասին: Հոդվածում մասնավորապես ասվում էր, որ Հայաստանը երկար տարիներ ՌԴ-ից ոչ միայն արտոնյալ պայմաններով զենք է ստացել, այլև քաղաքական աջակցություն և տնտեսական պրեֆերենցիաներ: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքներին և նշվում, որ դա վկայում է այն մասին, որ Երևանի դիքորոոշումը Մոսկվայի հարցում փոխվել է: «Իսկ միգուցե պետք է ավելի պա՞րզ վարվել` չվաճառել վարկով ժամանակակից զենք, քանի որ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, վարկը չի էլ վերադարձվում տնտեսական պատճառով, միգուցե արժե «կենդանի» փողո՞վ վաճառել այն: Այսպես ազնիվ կլինի, և նեղանալու պատճառ չի լինի»,-գրում է հոդվածագիրը:
 
Այս երկու հոդվածներից հետո զգալիորեն ակտիվացել են ՊՆ ղեկավարի այցերը ՌԴ: Գուցե պատճառը հենց կրակից առաջացած «ծուխը» հանգցնելու անհրաժեշտությունն է, քանի որ պաշտոնական Երևանը պարբերաբար կատարում է քայլեր, որոնք դաշնակիցների, և հատկապես ռազմական ոլորտի դաշնակիցների մոտ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Չի բացառվում նաև, որ 100 միլիոն դոլարի սպառազինության տրամադրման հարցն արդեն իսկ լուծվել է, և Տոնոյանը ռուս գործընկերների հետ քննարկելու է արդեն երրորդ տրանշը: Սակայն արդյո՞ք դրա տրամադրումը Հայաստանին՝ հարթ կընթանա՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում մեր երկրի դիրքերի թուլացումը, երբ ռազմաքաղաքական հարցերում ՌԴ-ն Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսելու հնարավորություն է ստացել՝ պատճառաբանելով Երևանի քայլերի հետևանքով ՀԱՊԿ կրած իմիջային վնասը:
 
Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, նույնիսկ՝ ճգնաժամային իրավիճակ, ու Մոսկվայում Դավիթ Տոնոյանին սպասվում են բավականին բարդ հանդիպումներ ու բանակցություններ, որոնք միտված պետք է լինեն երկկողմ հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը և Հայաստանի անվտանգության համար առաջացած նոր մարտահրավերների չեզոքացմանը։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ամեն ինչ պտտվում է ԼՂ խնդրի շուրջ։