ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում հանդիպում է ունեցել ընդիմադիր ԵԼՔ դաշինքի անդամների հետ: Դեռևս վաղ է խոսել հանդիպման արդյունքների մասին, սակայն ինքը՝ Սարգսյանը, չթաքցրեց իր գոհունակությունը, միևնույն ժամանակ նշելով, որ հանդիպումների շարքը լինելու է շարունակական: Մարտի 2-ին Սերժ Սարգսյանի հայտարարած բաղձալի «ընդարձակ մեծամասնությունն» ապահովելու համար անշուշտ անհրաժեշտ է նաև ԵԼՔ-ի քվեն: Ընդիմադիր դաշինքին սիրաշահելու ծանր գործն էլ նախագահը թողել է դիվանագիտական հմտությամբ օժտված Արմեն Սարգսյանին: Առաջին ժեստը ԵԼՔ-ին՝ արդեն իսկ արված է: Նախագահի թեկնածուն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում չխորշեց խոսել Հայաստանում առկա քաղբանտարկյալների հարցի շուրջ: Կարևոր չէ, որ հարցին Սարգսյանն անդրադարձավ վերոնշյալ դիվանագիտական զգուշությամբ, նշելով, թե ինքը տեղյակ չէ՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ թե՞ ոչ, սակայն իր համար միանշանակ է, որ նրանք չպետք է լինեն ո՛չ այսօր, ո՛չ վաղը: Քաղբանտարկյալների թեման հայ պաշտոնյաների մոտ տաբու է և դա գաղտնիք չէ: Սարգսյանը կարծես թե առաջին փորձն է անում կոտրելու այդ տաբուն: Մեկ այլ նորարարություն էլ կարելի է համարել Արմեն Սարգսյանի՝ լրագրողների հետ շփվելու էթիկան: Վերջինս, ի տարբերություն ԱԺ միջանցքում լրագրողներին հրող, տեսախցիկները ջարդող, աչքերը հանել սպառնացող մեր պաշտոնյաների և երեսփոխանների՝ ամբողջությամբ նոր մոտեցում է ցուցաբերում մեդիա դաշտի հետ շփվելու հարցում, ինչը նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Սրանով Սարգսյանը փորձում է դրականորեն տարբերվել հայաստանյան իսթեբլիշմենթի գաղջության ֆոնին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սարգսյանը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել. նա ասել է, որ կլինի Չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ ժամանակին նմանատիպ ցանկություն էր արտահայտում նաև Նաիրի Հունանյանը, ով իր «սև գործը» կատարելուց հետո հայտարարել էր, թե Երրորդ հանրապետության փլատակների վրա իրեն պատկերացնում է Չորրորդ հանրապետության վարչապետ: Ինչևէ, Սարգսյանի այս հայտարարությունն ամենևին էլ հռետորաբանություն չէ, այլ գործնականում՝ նրա առաջին ծրագրային լուրջ քաղաքական հայտարարությունը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ չի պատրաստվում լինել լոկ ներկայացուցչական ֆիգուր Սերժ Սարգսյանի խաղատախտակին: Այլ հարց է՝ պատրա՞ստ է արդյոք հանրությունը նման տրանսֆորմացիայի: Այս հարցի պատասխանը չունի անգամ ինքը՝ Արմեն Սարգսյանը, մյուս կողմից՝ հանրության կարծիքը երբեք էլ չի հետաքրքրել իշխանություններին. դժվար թե այս առումով խորքային փոփոխություններ լինեն: Սարգսյանի հայտարարությունն անչափ պարտավորեցնող է, և բարձր նշաձող է սահմանում առաջին հերթին հենց իր համար: Կկարողանա՞, իսկ ավելի ճիշտ՝ նրան թույլ կտա՞ն օգտագործել իր դիվանագիտական և կապիտալի ռեսուրսը , որը նրան կշիռ կհաղորդի հայաստանյան նոր համակարգում և կդառնա այդ համակարգում նրա դերակատարության հենարանը, թե՞ Սարգսյանին սպասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի «տխուր» վերջաբանը:
Ստելլա Խաչատրյան