Բագրատ Սրբազանը շնորհավորել է շրջանավարտներին՝ վերջին զանգի կապակցությամբ։ Նա իր ուղերձում ասել է․

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ դպրոցական կրթությունն ամբողջացնելու և ավարտելու կապակցությամբ և մաղթում եմ՝ այն գիտելիքներն ու հմտությունները, որ դուք ստացել եք ուսումնական ողջ շրջանում, կարողանաք կյանքում ներդնել ոչ միայն ձեր անձնական, այլ մեր ընդհանրական կյանքին։

Ինչպես միշտ ասել ու շեշտել եմ՝ ՄԵՐ ԻՂՁԵՐԸ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՆ, ՔԱՆ ՄԵՐ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ։

Ես մաղթում եմ և հորդորում, որ
ընթանաք ձեր իղձերի և երազանքների հետևից,
ընթանաք սիրո ճանապարհով,
ճշմարտության ճանապարհով,
արդարության ճանապարհով,
ձեր մտքից երբեք չհեռացնեք Հայրենիքին և Աստծուն ծառայելու մեծ կոչումը, որ ունի յուրաքանչյուր մարդ։

Դուք մեր պետության, Հայրենիքի արժանավոր քաղաքացիներն եք, նվիրյալ անձինք, ովքեր պատանեկան շրջանից անցում են կատարում դեպի հասունության շրջան՝ նոր մարտահրավերներով և նոր փորձություններով լեցուն։

Աղոթում եմ, որպեսզի կարողանաք ոչ թե շրջանցել այդ մարտահրավերները և փորձությունները, այլ հաղթահարեք այն։ Հաղթահարեք՝ միայն և միայն ճշմարտությունը և արդարությունը ձեր սրտում և ձեր մտքում ունենալով։

Աստված օրհնի և զորացնի ձեզ, դառնաք մեր երկրի, մեր պետության կրողները ձեր կյանքում և այն ներկայացնողներն աշխարհում»։