Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսներին Հաղթանակի օրվա առթիվ։ Կարմիր հրապարակում իր ելույթում ՌԴ նախագահը հիշել է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին, մատնանշել Արևմուտքի գործողությունները և շնորհակալություն հայտնել Դոնբասում հատուկ գործողության մասնակիցներին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սիրելի՛ Ռուսաստանի քաղաքացիներ, հարգելի՛ վետերաններ, զինակիցներ և նավաստիներ, սերժանտներ և հրամանատարներ, սպաներ, գեներալներ և ծովակալներ, զինվորներ, հատուկ ռազմական գործողության մասնակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի օրվա առթիվ»,-ասել է իր ուղերձում ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինն ընդգծել է, որ պատերազմի մասնակիցներն անչափելի խիզախության և հսկայական զոհաբերությունների գնով փրկեցին մարդկությանը նացիզմից՝ փառաբանելով և անմահացնելով իրենց անունը։
«Մեր հայրենիքի դեմ ևս մեկ անգամ իսկական պատերազմ է սանձազերծվել, բայց մենք հետ մղեցինք միջազգային ահաբեկչությունը, կպաշտպանենք Դոնբասի բնակիչներին, կապահովենք մեր անվտանգությունը»,- ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ Մոսկվան ցանկանում է ապագան տեսնել խաղաղ, ազատ ու կայուն, իսկ Ռուսաստանի համար անբարյացակամ, թշնամական ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։ Նա ընդգծել է, որ գերազանցության ցանկացած գաղափարախոսություն զզվելի է, հանցավոր ու մահացու։
«Բայց արևմտյան վերնախավերը խոսում են իրենց բացառիկության մասին, հրահրում են արյունալի հակամարտություններ, սերմանում են ատելություն, ռուսաֆոբիա և ագրեսիվ ազգայնականություն, ոչնչացնում են ավանդական ընտանեկան արժեքները, որոնք մարդուն դարձնում են մարդ: Եվ անում են ամեն ինչ, որպեսզի շարունակեն թելադրել, պարտադրել ժողովուրդներին իրենց կամքը, նրանց իրավունքները, կանոնները և իրականում թալանի, բռնության և ճնշելու համակարգը»,- ասելէ Պուտինը։