Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի վեցին։
«Դեռ վկաների հարցաքննության փուլում ենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց հրդեհից զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
Նա նշեց, որ դատաքննությունից շատ դժգոհ են, հատկապես նախորդ դատական նիստից, որին առաջին անգամ զոհված տղաների ծնողները չեն մասնակցել։
«Էս ընթացքում առաջին անգամ նիստի չէինք գնացել, ու դատավորը սխալ որոշում ա ընդունել՝ մեղադրյալներից երկու հոգու՝ Գոռ Աղեկյանին ու Մառլեն Սարգսյանին տնային կալանքի է ուղարկել։ Այսինքն՝ մենք չկանք, ինքը պիտի սխալ որոշում ընդունի՞։ Մեղադրյալների թիվն ավելացնելու փոխարեն պակասեցնում ա։ Վաղը մենք այդ հարցն էլ ենք բարձրաձայնելու։ Միանշանակ բողոքարկելու ենք, որ կրկին կալանքի տանեն մեղադրյալներին»,- նշեց մեր զրուցակիցը։
Գաբրիել Կիրակոսյանը նշեց, որ եթե իրենք համառություն չցուցաբերեին, ապա գործը մեկ-երկու ամսում փակված կլիներ։
«Մենք ենք ճնշում գործադրում, մենք ենք ստիպում, որ դատական նիստերը պատշաճ կարգով ընթանան։ Բայց էլի իրենք ամեն ինչ անում են, որ գործը փակվի։ Հենա, Եղիշին էլ թող կալանքից ազատի, տեսնենք՝ ինչ ենք անում»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարուց ավելի է, ինչ ծնողները բոլոր հարթակներով իրենց բողոքի ձայնն են հնչեցնում՝ նշելով, որ փորձ է արվում կոծկել տղաների մահվան հանգամանքները և առաջ տանել պաշտոնական վարկածը, թե միակ մեղավորը Եղիշե Հակոբյանն է։
Ազատի զորամասի կացարանում բռնկված հրդեհից զոհվել է 15 զինծառայող...
Նարե Գնունի