Ինչպես գրում է Frankfurter Allgemeine գերմանական պարբերականը, ԱՄՆ-ում շարունակում են փնտրել դրդապատճառները, որոնցով շարժվել են բոսթոնյան ահաբեկիչներ Ցարնաև եղբայրները:
Սպանված Տամերլան Ցարնաևի հարազատների կարծիքով՝ նրա վրա մեծ ազդեցություն է գործել ոմն Միշա: Ինչպես հայտարարել է եղբայրների հորեղբայր Ռուսլան Ցարնին և Ցարնաևների քրոջ՝ Ալինա Ցարնաևայի նախկին ամուսինը, Միշան 35-ամյա հայ էր, ով իսլամ էր ընդունել և հարում էր արմատական հայացքների: Հարազատները պնդում են, որ հենց այդ խորհրդավոր Միշան է ազդել Տամերլան Ցարնաևի վրա, համոզել նրան թողնել երաժշտության դասերը և վարակվել արմատական իսլամի գաղափարներով:
Միշայի հետ Ցարնաևը ծանոթացել էր 2007-ին Բոսթոնի Իսլամական համայնքի մզկիթում: Հարազատները նշում են, որ Միշան հաճախ էր այցելում Տամերլանին, և նրանք միասին Ղուրան էին կարդում:
Ներկայումս Միշայի մասին ոչինչ հայտնի չէ ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ Ցարնաևների ընտանիքի անդամներին:
Այսպիսով, գրում է պարբերականը, առեղծվածային Միշան դարձավ ևս մեկ բաղադրիչ քար ընդհանուր խճանկարում, որի պատկերը փորձում են հավաքել ոստիկաններն ու լրագրողները: