ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ստանդարտների և չափագիտության ազգային ինստիտուտների համար, «Պետական հատվածի բարեփոխումներ ծրագրի» գնումների պլանի համաձայն, վարկային միջոցներով ձեռք են բերվել մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարի արժողության լաբորատոր թանկարժեք սարքավորումներ:

Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի, ապրանքանյութական արժեքների գույքագրմամբ պարզվել է, որ անցկացված մրցույթների արդյունքում ձեռքբերված լաբորատոր սարքավորումները առկա են համաձայն անվանացանկի, սակայն նշված սարքավորումների մի մասը' չափագիտության ազգային ինստիտուտի համար ձեռքբերված լաբորատոր սարքավորումները («Մավեգ» ընկերության կողմից մոտ 600 000 դոլարի շրջանակում մատակարարված), որոնք բարդ անալիզատորներ են, սինթեզատորներ, խրոնոմոտոգրաֆներ, սպեկտրոֆոտոմետրեր, չեն օգտագործվում, իսկ մի մասը' «Շիմաձու» ֆիրմայի արտադրության, 136 536 ԱՄՆ դոլարով ձեռքբերված AA-6800 սպեկտրոֆոտոմետրը և 79 326 դոլարով ձեռքբերված GC-2010A խրոնոմոտոգրաֆը մոնտաժված չեն եղել (մոնտաժման և չօգտագործման պատճառը քիմիական լաբորատորիայի բացակայությունն է, որի համար չկան շենքային պայմաններ):

Բնականաբար, հարց է առաջանում' լավ, եթե լաբորատորիայի համար շենքային պայմաններ չկային, ինչո՞ւ էին այդ թանկարժեք սարքավորումները վաղաժամ ձեռք բերվում, այն էլ' վարկային միջոցների հաշվին, էլ ավելի մեծացնելով արտաքին աղբյուրներից սերունդների հաշվին Հայաստանի վերցրած պարտքի առանց այն էլ ծանր բեռը:

Հեղինակ:
«Փաստինֆո»