ՀՀ առաջին նախագահին հարիր չէ նման ձեւակերպումներ ու տեսակետ արտահայտել Տարոն Մարգարյանի մասին: «Ա1+»-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն եւ որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով։

«ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը շատ պրագմատիկ քաղաքապետ է եղել կարճ ժամկետում: Ես կարծում եմ, որ նման քաղաքապետ է մեր քաղաքին պետք եւ եթե մեր ազգաբնակչությունն իր ձայնը տա նրան, մեր քաղաքն ավելի լավը կլինի, քան այսօր է»,- ասաց նա։

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաեւ խոսել էր պանթեոնում՝ Տարոն Մարգարյանի հոր՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աճյունաքարի առկայության մասին՝ նշելով, որ «բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող հսկայածավալ սկյութական դամբարան» է:

Հովիկ Աբրահամյանն, արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերին, ասաց. «Դա վարչական լծակի օգտագործում ձեւակերպելն անտրամաբանական է: Դա իշխանություններն են որոշել, որ երջանկահիշատակ վարչապետի գերեզմանը այնտեղ լինի: Ես գտնում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը վաստակել է այդ իրավունքը»:

Պատասխանելով մյուս լրագրողների հարցերին՝ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ քարոզարշավին.

«Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես լրագրողների նկատմամբ բռնություններին, ապա դրանք վատ բաներ են, երբ լրագրողի են ծեծում: Դա ոչ թե շտաբի մեղավորությունն էր, այլ բոլոր կուսակցություններում էլ կարող են լինել մարդիկ, որոնք իրենց լավ չեն դրսեւորում: Մեր բոլորի ցանկությունը ոչ թե սրելն է իրավիճակը, ինչպես դուք եք ուզում, այլ հակառակը՝ մենք ուզում ենք, որ լինի հաշտություն, համերաշխություն: Բռնանալու ժամանակներն արդեն անցել են: Բոլոր քաղաքական ուժերին կոռեկտության կոչ եմ անում, քանի որ արդեն քարոզարշավի վերջն է»:

Իսկ ո՞րն է պատճառը, որ շատ երեւանցիներ ՀՀԿ ընտրելու փոխարեն, ասում են՝ ընտրելու են Տարոն Մարգարյանին, արդյոք նրա վարկանիշը կուսակցության վարկանիշից ավելի բարձր է հարցին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ Տարոն Մարգարյանը շատ բարձր վարկանիշ ունի, սակայն չպետք է մոռանալ, որ նա ՀՀԿ անդամ է: Ինչպես նաեւ՝ չկա կուսակցություն, որ ՀՀԿ-ից բարձր վարկանիշ ունենա»: Մեր այն հարցին՝ այդ թվում նաեւ այժմ ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյա՞նը եւս, Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց: