ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու ընտրությունները գնահատեց որպես մրցակցային և լարված. «Ընտրությունները լարված էին քաղաքական առումով, որովհետև գրեթե բոլոր քաղաքական ուժերը մասնակցում էին ընտրություններին և յուրաքանչյուրը ցանկանում էր ավելի շատ ներկայություն ունենալ ավագանու կազմում»: Էդուարդ Շաևրմազանովը նախընտրեց չխոսել արդյունքների մասին, բայց նշեց, որ ընտրական գործընթացը գնահատում էն նորմալ ու բնականոն. «Անկախ նրանից, թե ով է իրականացրել չարաշահում, ով է իրականացրել ընտրախախտում, պետք է նաև ասեմ, որ բավական օպերատիվ աշխատեցին իրավապահ մարմինները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իմ կողմից շատ սիրված լրատվամիջոցների ներկայացուցիչները և այդ իմաստով սա ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանում բաց ու թափանցիկ ընտրությունների ժամանակաշրջանը այլևս անշրջելի է»: 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե «երիտհանրապետականների գվարդիան այս ընտրություններին ընտրախախտումների առումով ոչ մի նորարարություն չցուցաբերեց», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իմ քաղաքական գործընկեր Հովհաննես Սահակյանը այս առումով շատ հետաքրքիր դիտարկում է արել ռետրո պատգամավորների վերաբերյալ., ավելացնելու ոչինչ չունեմ»: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ընտրական գործընթացի ժամանակ ՀՀԿ-ն խախտումներ արձանագրե՞լ է, թե՞ ոչ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության ընտրական շտաբը օրվա ընթացքում հանդես է եկել պարզաբանմամբ և շտաբի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է լրատվամիջոցներին ընտրախախտումների մասին: Հարցին՝ ի՞նչ խախտումներ են եղել և ո՞ր կուսակցությունների կողմից են դրանք արվել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հիմնականում դրանք եղել են այն խախտումները, որոնք զետեղված են եղել լրատվամիջոցներում՝ սկսած կրկնակի քվեարկությունների դեպքերից մինչև կուտակումներ և վերջացրած ճնշում գործադրելով ՀՀԿ հանձնաժողովի նախագահի վրա»: Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ ընտրախախտումները չեն տարածվել մամուլի միջոցներով, Շարմազանովն ընդգծեց, որ եթե զանգահարեին իրենց, կստանային համապատասխան ինֆորմացիան: Ի դեպ, այս պահին Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբում են գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը:
Տիգրանուհի Մարտիրոսյան