ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է դեկտեմբերի 14-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմած վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 10 հազարից ավելի ընտրող ունեցող միակ քաղաքային համայնքի' Չարենցավանի քաղաքապետի թեկնածուն օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն է ներկայացրել իր նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը:
Բանկի կողմից տրամադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամի ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքի, թեկնածուի ներկայացրած հայտարարագրի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքո ւմ քարոզչական ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:
Դեկտեմբերի 14-ին հանրապետության 35 համայնքներում կայացած ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 15-ին' մինչև ժամը 18:00-ն:
Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում առկա չեն քվեարկության կարգի խախտման վերաբերյալ գրառումներ, տեղամասային ընտրական հանձնաժողովի որևէ անդամ չի կատարել գրառում' հատուկ կարծիք ունենալու մասին: