Երեկ Լոռու մարզի Մարց գյուղի մի խումբ բնակիչներ ձորն են նետել նախօրեին գյուղ բերված՝ երրորդ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված խողովակները: Այդ կերպ մարցեցիները զգուշացնում եւ հերթական անգամ բարձրաձայնում են, որ դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը:
«Մենք ՀԷԿ-ը կառուցել ցանկացողներին նախօրոք ասել էինք, որ դեմ ենք այդ նախաձեռնությանը եւ սպասում ենք նախարարություն ուղարկված մեր ստորագրահավաքի պատասխանին, որը մեկ շաբաթից ենք ստանալու, բայց նրանք, անտեսելով մեր պահանջները, խողովակները բերեցին գյուղ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացնում է Մարցի բնակիչներից Պարգեւ Հակոբյանը:
Նա ասում է, որ որ գյուղի 350 չափահաս մարդկանցից 264-ը իր ստորագրությամբ հաստատել է վերաբերմունքը՝ գյուղում հերթական ՀԷԿ-ի կառուցմանը:
«Այս քայլը ընդամենը զգուշացում է, եթե սա էլ չօգնի, մենք բազմաթիվ այլ միջոցներ ունենք' դեմ կանգնելու հերթական ՀԷԿ-ի կառուցմանը»: Մարց գյուղի ղեկավար Ռոբերտ Գալստյանն էլ Aravot.am- ի հետ զրույցում նկատեց, որ թեեւ իրավական տեսակետից բնակիչները սխալ քայլ են արել, այնուամենայնիվ, դժգոհության ալիքն էլ մեծ է: «Իրավական տեսակետից բնակչությունն իրավունք չուներ այդ քայլին գնալու, բայց մյուս կողմից էլ նրանք չեն ուզում ՀԷԿ -ը կառուցված տեսնել, այդ դեպքում պետք է նաեւ հաշվի նստել բնակիչների կարծիքի հետ»: