«Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցան հերթական ավելի կատարելագործված, օրինակելի ՀՀԿ-ական ընտրություններ: Խնդիրը այն չի, թե ինչ արեց ընդդիմությունը կամ ինչ չարեց: Ինչ քարոզարշավ արեցին: Ինչպես' լավ, թե վատ, գաղափարական, թե' ոչ, եղան շատ հայկական, տեղական «քրեաթաղային ավանդույթների» վրա հենված ընտրություններ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում այսպես է բնութագրել մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները «Հայաստանի կանաչների» կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:
«Ցավալին այն է, որ որոշակի բացառություններով, բնակիչների (ես հատուկ չեմ նշում քաղաքացի տերմինը) մեծագույն մասը գտնվում է այդ թաղա-կրիմինալային, չնայած դրանց կրիմինալ էլ չի կարելի անվանել, այլ թաղային «շպանայի» ղեկավարման տակ: Դա չի լինի, եթե դրանք չհովանավորվեն պետական լծակներ ունեցողների, իշխանության տիրապետողների կողմից»,-նշեց Դովլաթյանը: Վերջինիս գնահատմամբ' դա պետական հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ, ու որ այդ աստիճան ստորացնել որևէ ժողովրդի կարող է միայն թշնամին:
«Եվ հիմա, իմ կարծիքով, գալիս է ավելի պատասխանատու ժամանակաշրջան, երբ մոտակա ժամանակահատվածում չկան այլևս մեծ ընտրություններ և պետք է անել ամեն ինչ, որպեսզի մարդկանց միջից հանվի այդ ճորտա-ստրկական մտածողությունը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցը եզրափակել է Արմենակ Դովլաթյանը:
Էմմա Պալյան