Հայաստանի 7 մարզի 20 համայնքում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է  ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։ 

Նշված 20 համայնքներից 4-ում տեղի ունեցան միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամների, և 10 համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

ԿԸՀ-ն հրապարակել է նախօրեին 14 համայնքում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ 
 Կոտայքի մարզի Հացավան համայնքում առաջադրված միակ թեկնածուն՝ ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը ստացել է 169 ձայն
 
 
 
 
Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում հաղթող է ճանաչվել գործող գյուղապետ, միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Ռաշիդ Օսեյանը: Նա ստացել է 35 կողմ և 3 դեմ ձայն: 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 
 
 
 
 
 
Արարատի մարզի 7 համայնքում՝ Դարբնիկում, Եղեգնավանում, Զորակում, Խաչփառում, Հայանիստում, Նիզամիում և Սիսում առաջադրված գործող բոլոր ՀՀԿ-ական գյուղապետերը նույնպես հաղթել են:
 
Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում էլ առաջադրված համայնքապետ Ռազմիկ Ալավերդյանը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, նույնպես հաղթել է՝ ստանալով 543 ձայն: Ռազմիկ Ալավերդյանին դեմ է քվեարկել 200 քաղաքացի, իսկ 51 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
 
Արմավիրի մարզում Մեծամոր համայնքում ևս մրցակցություն չի եղել: Գործող ՀՀԿ–ական՝ համայնքապետ Էդվարդ Միրզոյանը ստացել է 315 կողմ  

և 1 դեմ ձայն:

 
Արարատի մարզի Նորամարգում հաղթել է ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը՝ ստանալով 391 քվե: Նրա մրցակիցներից՝ ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը ստացել է 382 ձայն, իսկ անկուսակցական Արմեն Ղահրամանյանը՝ 182: Նշենք, որ գործող գյուղապետը չէր առաջադրվել:
 
Լոռու մարզի Դեբետ համայնքում հաղթել է Աշոտ Ղազարյանը՝ ստանալով 153 ձայն: Նշենք, որ այստեղ 4 թեկնածու կար: