Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ВАЗ 2110 մակնիշի 97 ԼՏ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նորակառույց ճանապարհի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել բաժանարար գոտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետաքնով 4 հոգի՝ 27-ամյա Հակոբ Ստեփանյանը, 27-ամյա Գոհար Գևորգյանը, 23-ամյա Քնարիկ Գևորգյանը և 21-ամյա Արայիկ Խաչատրյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին տեղափոխվում են Երևան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Առաջինը վիրավորներին օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները, քաղաքացիները, ովքեր ֆոտոլրագրողին ասում էին, որ բոլորը դուրս էին շպրտվել ավտոմեքենայից: Քանի որ ավտոմեքենայից գազի արտահոսք է սկսվել, վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը ռադիոկապով կապնվեց ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն« և այս պահին Արտաշատի հրշեջ-փրկարարները ժամանել են և կատարում են աշխատանքներ՝ գազի արտահոսքը կանխելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ փողոցի 50 տան բնակիչ Համլետ Միրաքյանի անվամբ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: