Կենտրոնական կլինիկական հոսպիտալում ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը քիչ առաջ ասուլիսի ընթացքում ասաց, որ մեր յուրաքանչյուր վիրավոր զինծառայող հենց առաջին ժամին՝ «ոսկե ժամին» համապատասխան բուժծառայություն ստացել է:

 

Կամավոր Խաչատրյանը տեղեկացրեց, որ Մարտակերտի հոսպիտալում մահվան մեկ դեպք է գրանցվել. մնացած բոլոր դեպքերում վիրահատական սեղանին հասած զինվորների կյանքը փրկվել է:

 

«Այսօր ընդհանուր վիրավորների թիվը ԶՈՒ ամբողջ օպերացիայի ընթացքում կազմել է 121 զինծառայող, որից հինգը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նրանցից երեքը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ պայմանագրային, մյուսը՝ աշխարհազորային»,- ասաց Կամավոր Խաչաատրյանը:

 

Նշեց նաև, որ այս պահին Երևանի հոսպիտալում ունենք 32 վիրավոր: Այստեղ հիմնականում տեղավորվում են միջին, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացածները:

 

Բուժվարչության պետի խոսքով՝ անդամահատված 4 վիրավոր ենք ունեցել: Նշեց նաև, որ Ղարաբաղից վիրավորում ստացած բոլոր զինվորներն ուղղաթիռով են Երևան բերվում:

 

Կամավոր Խաչատրյանը նկատում է նաև, որ միջազգային և ընդհանրապես համաշխարհային բոլոր բանակներում չկա այնպիսի հասկացություն, որ առաջնագծում կատարեն պլաստիկ վիրահատություններ, բայց մեր բժիշկներն այնքան պատրաստված են եղել, որի արդյունքում մեկ վիրավորի ենթածնկային զարկերակի մեծ դեֆեկտի պայմաններում կատարվել է պլաստիկ վիրահատություն, և պահպանել ստորին վերջույթները: Հնարավորության սահմաններում կանխվել են բոլոր տեսակի ամպուտացիաները, որպեսզի հաշմանդամների թիվը չավելացվի:

 

Ընդհանուր առմամբ, աշխատանքների կազմակերպման մեջ լուրջ համագործակցություն է եղել, Առողջապահության նախարարության հետ կապը եղել է անընդհատ:

 

Ռազմաբժշկական ծառայություն մատուցելու համար դիմել են քաղաքացիական բուժաշխատակիցներ և ցանկություն հայտնել լինել զինվորի կողքին, բայց խնդրանքները մերժվել են, քանի որ անհրաժեշտություն չի եղել խտացնել բժիշկների թիվը:

 

Մասնագիտացված օգնություն ցույց տալու համար ստեղծվել է ժամանակավոր մեկ կենտրոն:

 

«Զինվորներ կան, որ այսօրվա դրությամբ խնդրում են դուրս գրել, վիրավորվում են, նեղանում, ցանկանում են գնալ իրենց ընկերների կողքին լինել, բայց գտել ենք՝ անհրաժեշտություն չկա, որպեսզի վիրակապով զինվոր ուղարկենք առաջնագիծ»,- ասաց Խաչատրյանը: