Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կժամանի Ռուսաստան՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին մայիսի 11-ին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:

Պեսկովի խոսքերով՝ այցի հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ: Միաժամանակ գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ այցը կկայանա գալիք շաբաթ, իսկ բանակցությունները կընթանան Սոչի քաղաքում:

Իր հերթին՝ իսրայելական «Հաարեց» պարբերականը գրում է, որ Պուտինն ինքն է հրավիրել Իսրայելի վարչապետին Ռուսաստան հեռախոսային խոսակցության ընթացքում: Պարբերականը, հղում կատարելով իրեն հայտնի աղբյուրներին, գրում է, որ այցի ընթացքում քննարկվելու են Իրանի միջուկային ծրագրերն ու Սիրիային ռուսական զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարման հարցը:

Ավելի վաղ ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Սիրիայի հետ զենքի մատակարարման հարցում նոր պայմանագրեր կնքել չի պլանավորվում: Հայտարարությունն արվել էր Ռուսաստանի կողմից Սիրիային C-300 հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ Իսրայելի ներկայացրած մեղադրանքների ֆոնի վրա: