Ստորև ներկայացնում ենք Arusik Vakcina-ի բաց նամակը՝ ուղղված Տարոն Մարգարյանին.
«Հարգելի՛ պարոն Տարոն Մարգարյան,
Մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից դիմում ենք Ձեզ հետեևյալ խնդրանքով՝ մարտական շների զբոսանքի հանելու պայմանները խստացնել, և հետևել, որ նման շները Երևան քաղաքում, հատկապես մարդաշատ վայրերում առանց թոկի և դնչկալի զբոսանքի դուրս չբերվեն՝ վտանգի ենթարկելով ՀՀ քաղաքացիների կյանքը:
Մեր խնդրանքի հիմնավորման օրինակն է 2013 թ. Մայիսի 10-ին, երեկոյան, Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցած զարհուրելի դեպքը, երբ «Պիտբուլ» ցեղատեսակի շունը դարձել էր անկառավարելի՝ վտանգ ներկայացնելով բոլոր մոտակա քաղաքացիների համար: Մի քանի րոպեների ընթացքում քաղաքացիների, այդ թվում երեխաների և հղի կանանց ներկայությամբ, փողոցը արնաշաղախ եղավ: Այս դեպքը ավարտվեց միայն մի անմեղ շան մահով, բայց դրա փոխարեն կարող էր լինել որևէ մարդ:
Նշվածը միակ դեպքը չի, երբ 9 կգ-ից ավել կշռող շուն դուրս է բերվել առանց դնչկալի, ինչպես նաև ամեն երեկո Երևան քաղաքի կենտրոնում, Կարապի լճի տարածքում, նմանատիպ և ավելի մեծ շներ զբոսանքի են բերվում առանց թոկի և դնչկալի:
Խնդրում ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացու անվտանգությունը և մեղավորները խստագույնս պատժվեն»: