Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Ինչպես գրում է Press TV-ն, նախընտրական պայքարում մասնակցելու ցանկություն է հայտնել 686 մարդ, որոնցից ամենաերիտասարդը 19 տարեկան է, իսկ ամենածերը' 87:
Այսպիսով' նախորդ ընտրությունների ռեկորդը, որին մասնակցել էր 475 թեկնածու, գերազանցվել է: Սակայն ակնկալվում է, որ մինչև հունիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունների օրը այդ թիվը զգալիորեն կկրճատվի:
Համաձայն Իրանի սահմանադրության' այն թեկնածուների անունները, որոնք կհայտնվեն քվեաթերթիկի վրա, հաստատելու է սահմանադրական խորհուրդը, որում ներգրավված են շիական հոգևորականության առավել հեղինակավոր ներկայացուցիչներ:
Գրանցված թեկնածուների մեջ հատկապես առանձնացվում են երկրի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդար Ռահիմ Մաշեին, նախկին փոխնախագահ Մուհամմեդ Ռեզա Արեֆին և Թեհրանի քաղաքապետ Մուհամմեդ Բաղիր Քալիբաֆան: