ԳԱԼԱ-ն արդեն հրապարակել էր, որ Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակիչներ, որոնք տուժել են կարկտահարությունից, հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ սպառնալով փակել Արմավիրի մարզ տանող հիմնական ճանապարհահատվածը: Այժմ այդ ճանապարհը երկու կողմերից փակ է. Արմավիրի մարզ մտնել եւ դուրս գալ հնարավոր չէ, քանի որ գյուղացիները արագորեն ինքնակազմակերպվելով՝ նստացույց են սկսել հենց ճանապարհին:
Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկանում է քաղաքական ակտիվիստ, պատմաբան, ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանից, ով գտնվում է հենց այնտեղ:
«Փոխվարչապետն է եկել եւ կարծես ասացին նաեւ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը, մի պահ ոստիկանությունն ուզում էր առաջ շարժվել, բայց դա տեղի՝մարզի ոստիկանությունն է: Ժողովուրդը միանգամից ինքնակազմակերպվեց եւ նստացույցի դիմեց: Ելքը չի երեւում ու կոնկրետ բանակցություններ էլ այս պահին չկան: Պաշտոնյաների հետ խոսում են, բայց այնպես չէ, որ երկու կողմերի բանակցությունն է, մտքերի փոխանակությունն է: Երկու կողմերի ճանապարհն էլ փակ է՝թե գնացող, թե գալացող»:
Նշենք, որ բնակչները պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:
Խոսքը Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայնքների մասին է: Այս համայնքների բնակիչները իրեց դժգոհությունը ձեւակերպել են այսպես. «Մինչև Սերժ Սարգսյանը չգա, այսօր ճանապարհը չենք բացելու»:
Հիշեցնենք, որ հիշյալ համայնքներում կարկուտն ավերել է բերքը: Իսկ գյուղացիները գտնվում են սոցիալապես խիստ անապահով վիճակում: Նրանց մի մասը հայտարարում է, որ վաճառքի են հանել տները եւ պատրաստվում են արտագաղթել երկրից: