Հայաստանի ԱԻն-ում այսօր՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Չայնիի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Հ․, ծնված 1964 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր Անահիտ Հ․-ն (ծնված 1968 թ․) դուրս են բերվել արգելափակումից տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ սահմանազատել տարածքը, այնուհետեւ ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։15-ին, մարել՝ 14։25-ին։ Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ։