Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը ուրբաթ օրը այցելել է Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին: Հայտնում է Aravot.am-ը։
«Նրա հետ զրուցեցինք, հավաստեց, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել: Ստուգեցինք փաստաթղթերը, թե ինչպես է ձերբակալվել, ինչ որոշման հիման վրա: Այդ ամենը համապատասխանում էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին: Միաժամանակ հասարակական կազմակերպությունների միջոցով ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Դավիթին կտրամադրվի մեկ այլ փաստաբան, ոչ հանրային փաստաբանը, որ քննչական գործողություններին ներկա էր: Դավիթը հուզված էր, կաշկանդված, չէր հիշում ինչպես է եղել, որ կրակել է: Միաժամանակ ընդունում էր, որ չի հասկացել'ինչպես է կրակել, որ սպանվածն ու վիրավորը իր մոտ ընկերներ էին, որոնց հետ զորակոչվել են: Անգամ հուզվեց, լացեց. ծանր հոգեվիճակում էր»,- Aravot.am-ին պատմեց Երանուհի Թումանյանցը:
Նրա խոսքերով, Դավիթը հավաստել է, որ դեպքից առաջ վիճաբանություն է եղել. «Այնպես հուզված վիճակում էր, որ ամեն անգամ, երբ դա հիշում էր, հուզվում էր, լաց էր լինում: Դրա համար մենք այդքան չկոնկրետացանք դրա վրա, բայց նա նույնպես հաստատեց, որ վիճաբանության արդյունքում է եղել կրակոցը»: