Haynews.am. Հայաստանյան քաղաքական ուժերը, փաստացիորեն, կարող են պատրաստվել հանգստի, քանզի ամառային ամիսներին ընկնում է աշխատունակությունը, ուստի և աշխատողների մեծամասնությունը նախընտրում է իր հանգիստը վայելել ամառային ամիսներին: 2012թ. խորհրդարանական, ապա նաև 2013թ. նախագահական և Երևանի ավագանու ընտրություններից հետո հրապարակային քաղաքականությամբ զբաղվողների մեծամասնության համար վերջին «ճակատամարտը» կառավարության ծրագրի քննարկումն էր, որտեղ, ըստ էության, ամեն ինչ պարզ էր. ՀՀԿ-ն ունի մեծամասնություն և անկախ քննարկումներից, ՕԵԿ-ի աջակցությամբ հաստատելու էր կառավարության ծրագիրը:
Ինչևէ, ոմանք ստիպված են հանգստի անցնել ոչ միայն ամառային ամիսներին, այլև՝ դրանից հետո գալիք ժամանակներում: Օրինակ՝ ինչո՞վ է զբաղվելու ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանը: Մեկ տարվա ընթացքում ցցուն դարձավ, որ ՀԱԿ-ում Լյովիկ Զուրաբյանը միայն ֆորմալ լիդեր է, Լևոն Տեր-Պետրոսյանի դրածոն է: Պարզվեց, որ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը շատ ավելի մեծ մտավոր և մարդկային որակներ ունեն, քան՝ Լյովիկը: Իսկ քաղաքական կշռի մասին համեմատականներն ավելորդ են: Եթե Հրանտ Բագրատյանը Հայաստանի ամենավերջին տնտեսագետը չէ և իր վերլուծություններով կարողանում է հասրակության ուշադրությունը գրավել և հանդիսանալ կառավարության թիվ մեկ տնտեսագիտական ընդդիմախոսը, իսկ Նիկոլ Փաշինյանը եզակի որակներ ունեցող հրապարակախոս գործիչ է՝ հանդիսանալով ընդդիմադիր երիտասարդների կուռքը, ապա Զուրաբյան Լյովիկը կարող է «հպարտանալ» միայն Տեր-Պետրոսյանի և օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ֆավորիտը լինելու փաստով:
Հարց է առաջանում. արդյո՞ք Լյովիկի «հպարտության» աղբյուրները նրան հեռանկար են խոստանում: Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի կապերի շնորհիվ Տեր-Պետրոսյանի շրջապատում հայտնվածն իր «կարիերան» կարող է ավարտված համարել, քանզի քաղաքական սերնդափոխության տրամաբանությամբ ընդդիմության լիդերներ են դառնում Նիկոլի տեսակի գործիչները, որոնք, «ոչ մեկի տակ չպարկելով», պահում են իրենց սկզբունքայնությունն ու դրանով վաստակում առաջնորդ լինելու կոչում-պարտականությունը: Հայաստանյան քաղաքական դաշտն առանց այդ էլ ջունգլի է հիշեցնում, որտեղ հաղթում է ուժեղագույնը, իսկ Տեր-Պետրոսյանի սեղանի սպասյակը չի կարող երկար քաղաքական կյանք ունենալ, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով իր կյանքի մայրամուտում, «ՀԱԿ-ից հ տառը թողեց» և այլևս ընդդիմության առաջնորդը չէ:
Ինչևէ, պետք է կոչ անել լրագրողներին, որպեսզի նրանք հարցեր ուղղեն Լյովիկին առ այն, թե նա ինչո՞վ է պատրաստվում զբաղվել հետագայում, նորից հայտարարարելու՞ է, թե ՀՀԿ-ն Երևանում ձայներ չունի՝ վերջում հայտնվելով քաղաքական «ախմախի» կարգավիճակում, թե՞ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ: Բայց այս դեպքում էլ հարց է առաջանում. ո՞րն է Լյովիկի «փեշակը», բացի բանբասկոտ ու հիստերիկ ելույթներից, իրականության հետ կապ չունեցող խոստումներ տալուց, ի՞նչ կարող է անել այս պարոնը: Ի վերջո, Լյովիկի ապագան պատկերացնելու համար բավարար է կարդալ Վանոյի «Ափսոս էր երեխան» հրապարակախոսությունն ու ամեն ինչ պարզ կլինի:
Արամ Ենգիբարյան