ՀՀ կառավարությունը հիմնադրել է արտահանման ապահովագրական կազմակերպություն ՓԲԸ: Այս մասին հայտարարվել է կառավարության ասյօրվա նիստում:
«Սահմանել ընկերության ընդհանուր կապիտալը' 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը' 1 մլրդ 500 մլն դրամ, որը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի յուրաքանչյուրը' 10 հազար դրամ անվանական արժեքով և գլխավոր պահուստ' 450 մլն դրամ: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով վերապահվել է լիազոր մարմնին' ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին»,- տեղեկացնում է կառավարությունը և ավելացնում, որ ապահովագրական կազմակերպության հիմնադրումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը:
Թե ինչով է զբաղվելու նորաստեղծ ՓԲԸ-ն, գործադիրն այսկերպ է սահմանել. «Ընկերության նպատակներից է լինելու արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկն ապահովագրել վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար ստեղծել ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի արտահանման ֆինանսավորման ծածկույթը»: