Օրերս Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մարմինը, որպես բողոքի նշան, ծնողների կողմից ՀՀ մայրաքաղաք՝ Կառավարության շենքի դիմաց բերելու փորձը կանխվեց, որից հետո երկրորդ օրը համացանցային լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, թե Սևան-Երևան մայրուղում տեղի է ունեցել բախում ոստիկանների և մահացած զինվորի հարազատների միջև, և որ հարազատները ծեծի են ենթարկվել: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, ու բացի այդ 1in.am կայքը հրապարակեց տեսանյութ, որտեղ սպանված զինվորի հարազատները պատմում էին, թե ով, ինչպես է ծեծել և ում մարմնի վրա կան կապտուկներ ու ծեծից մնացած հետքեր: Արդյո՞ք այս հրապարակումները ընդունվել են ոստիկանության կողմից որպես հաղորդում, և արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը կզբաղվի այս գործով:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստեց, որ ոստիկանությունը նման գործ չի սկսել, քանի որ չունի բողոք-դժգոհություն հարազատների կողմից ծեծի վերաբերյալ:

«Իսկ իրենք դիմե՞լ են ոստիկանություն, նայած ինչի մասին է հրապարակումը: Հա, իրենք հայտարարում են, բայց, այնուամենայնիվ, պիտի իրենք գան ու հայտարարեն, որ իրենց ծեծել են: Եթե գան դիմեն ոստիկանություն, կզբաղվի…»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե՝ եթե չեն դիմում, հայտարարություն չեն տալիս, ոստիկանությունը չի՞ ընդունում լրատվական կայքերի մեկնաբանություններն ու հարցազրույցները որպես հաղորդում հանցագործության մասին, լրատվության աշխատակիցը պատասխանեց. «Իրենք պետք է գան դիմեն՝ ինչ վնասվածք են ստացել: Եթե չեն դիմում, այդ հրապարակումների հետքերով… մարմնական վնասվածքի աստիճանը պետք է որոշվի, նայած ինչ հանցատեսակ է»:

Նշենք, որ այս դժգոհություններով զբաղվելու է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ կազմակեպված բողոքի ակցիայի ընթացքում Երևան-Սևան մայրուղում երթը խոչընդոտել են ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության և զինվորական հատուկ ուժեր, ներառյալ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նպատակ ունենալով կանխել բողոքի այս ծայրահեղ միջոցը:

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազից իրականացնել համապատասխան քննություն և պարզել, թե ովքեր են հրաման արձակել զինված ուժերի ստորաբաժանումները իրենց մշտական տեղակայման վայրից Երևան-Սևան մայրուղի տեղափոխել, ինչպես նաև՝ հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել պաշտոնական դիրքը չարաշահած անձանց»,- ասաց Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանը փոխանցեց նաև, որ տեղի ունեցած ծեծի մասին առանձին հաղորդում են ներկայացնելու դատախազություն, իսկ մինչ այդ այցելելու են Լյուքս Ստեփանյանի հարազատ գյուղ՝ Վերին Գետաշեն, և զրուցելու են սպանված զինվորի հարազատների հետ:

Քրիստինա Մկրտչյան