ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր գնացել է Արմավիրի մարզ' տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը։
ՀՀ կառավարության կայքէջի տեղեկացմամբ, Տ.Սարգսյանը նախ այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետներին փոխանցել է գյուղացիների այն մտահոգությունը, որ կարկուտի օրը կայանները չեն աշխատել, և դրանք ընդհանրապես արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են, սակայն կան կայաններ, որոնք չեն գործել կարկուտի օրը, քանի որ համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻՆ-ի շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Այնուհետև վարչապետն այցելել է նույն գյուղում գտնվող կարկտահարությունից տուժած դաշտեր, որտեղ բերքը ոչնչացվել է 100 տոկոսով:
Մրգաշատ գյուղում կառավարության ղեկավարը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Գյուղացիներն օգնություն են խնդրել վարչապետից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և նման պայմաններում չեն կարող կատարել դրանք: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ կա համապատասխան հանձնարարություն և Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ամենասեղմ ժամկետներում բոլոր վարկառուների համար անհատական մոտեցման սկզբունքով կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, բանկերը կվերանայեն տոկոսադրույքները, դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի: Ամբողջ ընթացքում Կենտրոնական բանկում կգործի թեժ գիծ' բոլոր հարցերն առավել օպերատիվ լուծելու համար:
Մրգաշատում կառավարության ղեկավարը հյուրընկալվել է նաև Մխիթարյանների ընտանիքին, որը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ընտանիքներից մեկն է: 11 երեխայից բաղկացած ընտանիքը բնակվում է վթարային պայմաններում գտնվող տանը: Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ամենասեղմ ժամկետում ընտանիքի համար տուն ձեռք բերել նույն գյուղում:
Օգտվելով առիթից՝ համայնքի բնակիչները վարչապետին տեղեկացրել են, որ հողի հարկի վճարման հարցում դժվարություններ ունեն: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կտա համապատասխան հանձնարարականներ և բոլոր տուժած անձինք կազատվեն հողի հարկից:
Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մի շարք համայնքների ղեկավարների խնդրանքը, վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շտապ կարգով վերջիններին ապահովել անհրաժեշտ սերմերով՝ ըստ պահանջարկի: Ներկաները նաև տեղեկացրել են, որ ունեն մեծ քանակությամբ ջրի պարտք, ինչը չեն կարողանալու մարել, քանի որ չունեն ֆինանսական միջոցներ: Հանդիպման ավարտին վարչապետը հայտարարել է, որ պետությունն իր ամբողջ գործիքակազմով լինելու է գյուղացու կողքին:
Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները և խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:
Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.
1. Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
2. Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։
3. Գյուղացիներին տրամադրվելու է սերմացու, պարարտանյութ և դիզվառելիք։
4. Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով:
5. Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։
6. Վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:
7. Վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։
Հեղինակ:
«Փաստինֆո»