Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդը մեկ օրով դարձել է սեռական դաստիարակության գծով մանկավարժ և Մոսկվայի դպրոցներից մեկի աշակերտներին պատմել է սիրո տարօրինակությունների և սեռերի միմյանց նկատմամբ ձգտման մասին:
Մոսկվայի թիվ 914 դպրոցում այդքան բազմություն վաղուց չէր հավաքվել: Դասասենյակում էին անգամ հիվանդության պատճառով հարգելի բացակա համարվողները և նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար դասերից փախչում են: Ոչ մեկը չէր ցանկացել բաց թողնել սեռական դաստիարակության թեմայով դասը, մանավանդ, որ այն վարելու էր Վլադիմիր Ժիրինովսկին:
Հայտնի քաղաքական գործիչը սկսեց հեռվից:
-Ինչպե՞ս եք դասարանում որոշում, թե ձեզնից ով՝ ում է դուր գալիս:
-Երևի հայացքներով,- պատասխանեցին աշակերտները:
-Հայացքներով: Կեցցեք,- գնահատեց Ժիրինովսկին:
Դրանից հետո 67-ամյա քաղաքական գործիչը հիշեց իր դպրոցական անցյալը և նշեց, որ այդ ժամանակ ինքը շատ երկչոտ պատանի էր:
-Մեր դասարանում ինձ երկու աղջիկ էին դուր գալիս: Սակայն այդ հարցում ես այնքան էլ ակտիվ չէի: Ինձ առավել շատ հետաքրքիր էին սոցիալական հիմնախնդիրները,-խոստովանել է Վլադիմիր Վոլֆովիչը:
Մանկության հիշողություններն, ի վերջո, նրան տեղափոխեցին մետամորֆոզների գիրկը և Ժիրինովսկին դրանից հետո կատարել է այսպիսի մի եզրահանգում. «Տղամարդու օրգանիզմը արտազատում է սերմ: Դա նման է բարդու: Բաց է թողնում կարապի փափուկ փետուր և վերջ...»:
Զանգից առաջ Վլադիմիր Վոլֆովիչը դպրոցականներին տվել է ևս մի «հեղինակային խորհուրդ»,-հաղորդում է «lifenews.ru»-ն: Ըստ նրա, սեռական հարաբերությունները տղամարդու և կնոջ միջև պետք է տեղի ունենան ոչ ավելի հաճախ՝ քան շաբաթը մեկ անգամ:
Դրանով իսկ, գրում է կայքը, նա 8-րդ դասարանցիներին կոչ արեց հանդես բերել զսպվածություն:
-Ինչի դա կհանգեցնի՞, ստեղծագործական աշխատանքի ակտիվացմա՞ն: Ոչ: Եթե բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի, մարդկությունը կձանձրանա: Չեն լինի գրողներ, նկարիչներ և երաժիշտներ, շեշտել է քաղաքական գործիչը:
Աշակերտները անսովոր դասից գոհ են մնացել:
-Ես իմացա թե ինչ է պահպանակը: Ընդհանրապես ես քիչ բան գիտեի այդ մասին: Պարզապես մինչ այդ ես նպատակ չէի դրել այդ մասին շատ տեղեկություններ իմանալու, -առանց շփոթմունքի ասել է 8-րդ դասարանցի Գալինա Ցուրսանը:
-Իսկ ես հասկացա, որ պետք է հետևել սեփական սկզբունքներին և չպետք է լինեն միասեռ ընտանիքներ,- ասել է 8-րդ դասարանցի մեկ այլ աշակերտ՝ Դենիս Յակուշևը:
Ժիրինովսկին երեխաներին խոստացել է կրկին վերադառնալ: Բայց հաջորդ դասը նվիրված կլինի սոցիալական հիմնախնդիրներին, հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավորը: