Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին մեղադրում են բյուջետային միջոցները աննպատակ վատնելու համար: Ընդհանուր առմամբ՝ գումարները հիմնականում ծախսվել են նախագահի երիտասարդացման վրա: Ինչպես հայտնում է «Грузия-Онлайн»-ը՝ հղում կատարելով «Իմեդի» հեռուստաընկերությանը, Սաակաշվիլին առնվազն 2 անգամ դեմքի երիտասարդացում է կատարել բոտաքսի ներարկումների միջոցով:
Բժշկական միջամտությունները, որոնց ենթարկվել է վրաց նախագահը Նյու Յորքի կլինիկաներից մեկում, պետական գանձարանին արժեցել են 5600 դոլար առաջին անգամ, որը տեղի է ունեցել 2009թ. փետրվարի 23-ին, և 5800 դոլար՝ երկրորդ անգամ, որը կատարվել է 2011թ. սեպտեմբերի 23-ին:

Այս գործի կապակցությամբ հետաքննություն է տարվում, և բացառված չէ, որ Սաակաշվիլիին ցուցմունք տալու կանչեն, «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողին հայտնել են գլխավոր դատախազության մամլո ծառայությունում:

Սակայն Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պնդում է, որ նման մեղադրանքներ ներկայացնելուց առաջ պետք է անհերքելի և ադեկվատ ապացույցներ ցուցադրել: «Մեր նախագահի դեմքին բոտաքսի ոչ մի նշան չկա»,-ասել է պատգամավոր Գիվի Թարգամաձեն: