Բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, երբ զեկուցելու հերթը հասավ արդարադատության նախարարին, պատգամավորներին, չգիտես ինչու, սկսեց հատկապես հուզել ԴԱՀԿ ծառայության արտաբյուջեի հարցը:
Ինչքա՞ն գումար է հավաքվում այդ արտաբյուջեում, ինչպե՞ս է ձևավորվում այդ արտաբյուջե կոչվածը, ո՞վ է տնօրինում այդ փողերը, վերահսկողություն կա՞, թե՞ ոչ: Հարցերը տրվում էին՝ ի պաշտոնե Միհրան Պողոսյանի շեֆի դեր ունեցող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Դժվար է ասել' հարցերի ենթատեքստում պրովակացիայի պահ կար, թե՞ ոչ, այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաները հիմնականում հաշվի առնում են նախորդների փորձը, իմաստնանում ինչ-որ առումով և գոնե Հրայր Թովմասյանի հաշվով կարելի է հանգիստ ասել, որ ի դեմս այս պաշտոնյայի՝ գործ ունենք հենց իր նախորդի կենսափորձից ավելի քան իմաստուն դասեր քաղած մեկի հետ:
Նախարարը պատգամավորներին նախ տեղեկացրեց, որ իր ենթակայության ներքո գործող կառույցի արտաբյուջեի ձևավորումն օրենքով հստակ սահմանված է, որ դա բռնագանձված գումարի մինչև 5 տոկոսի հաշվին է հավաքվում, որ արտաբյուջեի 70 տոկոսը գնում է աշխատավարձի ֆոնդին, իսկ մնացածը՝ ծախսվում է իբրև համակարգի զարգացում, որից հետո անցավ Միհրան Պողոսյանին գովերգելու գործին՝ թե մեր ԴԱՀԿ-ի նմանն աշխարհում շատ քիչ կա, որ մեր ԴԱՀԿ-ն աշխարհում առաջին տեղում է, որ անգամ երբ նոր էր նախարար նստել՝ ընկերներից երկուսին խնդրել էր մասնակցել կազմակերպվող աճուրդներին, որ տեսնի ինչն ինչոց է, այն էլ հասկացավ՝ ինչն ինչոց է, դրա համար էլ էսպես գովում է: Մի խոսքով՝ կեցցե՛ Միհրան Պողոսյանը...
Բոլոր նրանց, ովքեր մոռացել են 2010թ. դեկտեմբերյան սկանդալը, հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հրաժեշտ տվեց պաշտոնին հենց ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի պատճառով, որին պետք է նկատողություն տար, բայց քանի որ նախարարը գիտակցել էր, որ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի հովանավորյալ բարեկամին չի կարելի բան ասել, բան էլ չէր ասել, վարչապետն էլ բռնեց ու «բանը ասեց» հենց Դանիելյան Գևորգին ու մի լավ նկատողությունից հետո հեռացրեց աշխատանքից՝ աշխատանքային պարտականությունների մեջ թերանալու համար:
Ով-ով, բայց Հրայր Թովմասյանը լավ գիտի այս պատմությունը, քանի որ հենց այս ամենի հետևանքով ընդդիմադիր կուսակցության ծրագիր գրողի կարգավիճակից սահուն անցում կատարեց իշխանական «բարձրավանդակ»: Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանին, ապա վերջինս այդպես էլ չստացավ ճակատագրական նկատողությունը, դեռ ավելին՝ կարողացավ այս տարիների ընթացքում դուրս գալ մորեղբոր հովանավորյալի կարգավիճակից և երբ ժամանակին իր մասին ասում էին, թե՝ «Գրիշան նաև կրիշա է», արդեն հենց ինքն է «կրիշա» շատերի, այդ թվում գուցեև պաշտոնաթող մորեղբոր համար:
Լուսինե Կեսոյան