Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիականությունում նյութեր են նախապատրաստվում, կան բերման ենթարկվածներ: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սակայն չմանրամասնեցին, թե ովքեր են ոստիկանություն բերված անձինք:
Նշենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում բերման ենթարկվածների վերաբերյալ հայտարարություն արեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մամուլում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն (Քեթրինի Միհրան) ու Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը) հայհոյանքներ են հնչեցնում ժողովրդի հասցեին։
Նկատի ունենալով միջադեպի հետ անմիջական կապ ունեցող պատգամավորների հանգամանքը կարելի է ենթադրել, որ բերման ենթարկվածները հենց վերջիններիս կողմակիցներն են:
Միջադեպի վերաբերյալ դերասան Արմեն Ավետյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել։ Ավելի ուշ, ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Ներքաղաքական ստեղծված բարդ իրավիճակում ոմանք ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում են ապակայունացնող տրամադրություններ սերմանել։ Մասնավորապես, համացանցում ոմն դերասան, համատեղությամբ՝ թամադա, մտնելով դերի մեջ, տեսանյութ է տարածել՝ հայտարերելով, թե իբր ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը հայհոյել են իրեն, վնասել ավտոմենքենան․․․
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ներկայացվածը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն։
Ստեղծված իրավիճակում ատելություն սերմանելու հասարկության մեջ սեպ խրելու, «սևերի ու սպիտակների» բաժանելու ցանկացած փորձ ոչ թե դատապարտելի է՝ այլ խստագույնս պետք է բացառվի։
ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյան, Արայիկ Գրիգորյան»։