ԳԱԼԱ. Ազատության հրապարակում մեկնարկեց Նախախորհրդարանի հրավիրած քաղաքացիական ֆորումը, որի ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացնում են իրենց կողմից մշակած ճանապարհային քարտեզը: Մինչ այդ հայտարարությամբ հանդես է եկել Նախախորհրդարանի անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը: Վերջինս հայտարարել է, որ վերջին օրերին կտրուկ ավելացել են սպառնալիքները Նախախորհրդարանի և «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամների հասցեին: «Ապրիլի իննի զարգացումներից հետո, երբ մենք հայտարարեցինք, որ սկսում ենք հանրահավաքների շարք, դրանից հետո ավելացել են ճնշումները և սպառնալիքները Նախախորհրդարանի անդամների հասցեին: Կտրուկ ավելացել են Նախախորհրդարանի անդամների հեռախոսազանգերը լսելը, մարդկանց հետևելը, անգամ աշխատանքի վայրում մարդկանց սպառնում են: Սովորական են դարձել և հնչում են կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ»,- ասել է Վարուժան Ավետիսյանը: Նա նաև հայտնել է, որ սպառնացել են նաև Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանի հարևաններին: «Այցելել են հարևաններին և ներկայացել են որպես սոցիալական աշխատողներ և տվել հարցեր, որոնք, սակայն, իրականում այլ նպատակ են ունեցել»,- նշել է նա:
Վերջինս, սակայն, հայտարարել է, որ չեն պատրաստվում ընկրկել և շարունակելու են իրենց պայքարը: «Ուզում ենք բոլորին տեղեկացնել, որ գործող վարչախումբը պետք է հստակ գիտակցի, որ Նախախորհրդարանի անդամների կյանքի և առողջության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ընկնում է նրանց վրա, սակայն ուզում ենք տեղեկացնել, որ ցանկացած ճնշում չի կարող մեզ հետ պահել այս գործընթացից»,- հավելել է Վարուժան Ավետիսյանը:
Ապա ելույթ է ունեցել Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը, ով ներկայացրել է իրենց կողմից մշակած ճանապարհային քարտեզը՝ նշելով, որ նման քննարկումներ տեղի են ունենալու երկու շաբաթը մեկ: Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ իրենք աշխատանքներ են իրականացնում մարզային կառույցներ հիմնելու ուղղությամբ:
Փայլակ Ֆահրադյան