ՎՊ-ում պարզել են, որ «ատկատները» շինարարական արժեքի մեջ բավական պատկառելի թիվ են կազմում' ավելի քան 80 տոկոս: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այսօր հրապարակել է իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները:
ՎՊ-ն պարզել է, որ շինարարական նախահաշիվներում կիրառվող միջինացված տոկոսադրույքները ունեն հետեւյալ պատկերը. ԱԱՀ' 20 %, վերադիր ծախսեր' 13,3 %, շահույթ' 11 %, ժամանակավոր շենք-շինություններ' 3%, չնախատեսված ծախսեր' 6%, շինարարական աղբի տեղափոխում' 0,15 %, փոքր ծավալի շինարարության համար հատկացված լրացուցիչ ծախսեր 2%, այլ նյութերի քանակը հաշվիառնող ծախսեր'5 %, փաթեթավորման ծախսեր' 2%, տրանսպորտային ծախսեր' 9 %, բնակլիմայական ազդեցությունը հաշվի առնող նորմեր' 1,2 %, նախագծային աշխատանքներ' 3,5 %, տեխնիկական հսկողություն' 1,5 %, հեղինակային հսկողություն' 0,6 %, նախագծերի փորձաքննություն 0,3 %:
Այս ամենի հանրագումարում ստացվում է, որ պետության միջոցներով կատարվող ցանկացած շինարարություն պետությանն արժենում է իրական արժեքից 83 %-ով ավելի թանկ: Հենց այս ուռճացված տոկոսներում էլ, ըստ ՎՊ-ի, թաքնվում են «ատկատները»:
«Մենք խորապես համոզված ենք, որ «ատկատներ» կոչվող երեւույթը գնում է հենց այս գումարներից: Մենք խորապես համոզված ենք, որ հաճախ առանց հիմքերի, հաճախ առանց տրամաբանության, նախարարի մեկ հարամանով՝ վերադիր ծախսերը 5.3 %-ից դառնում է 13 %»,- նշեց ՎՊ նախագահը՝ բերելով նաեւ կոնկրետ օրինակ:
«Դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում, մշակույթի տներում, ցանկացած տեղ տեղադրում են հիմնականում տեղական արտադրության եվրոդռներ-պատուհաններ, բայց կիրառում են տոկոսներ՝ պահեստավորման, փաթեթավորման, տեղափոխման համար, ինչ ասես գրում են, ուզում են ցույց տալ, որ դպրոցում տեղ չկա, հատուկ տեղ են պատրաստում, որ պահեստավորում անեն, փաթեթավորում են»:
Ի.Զաքարյանի խոսքով՝ «ատկատների» այս մեխանիզմը նորություն չէ, «այս տոկոսները հնուց եկած նորմեր են, որեւէ անգամ չեն փոխվել»:
Բայց ՎՊ-ում մտադիր են փոխել ավանդաբար ձեւավորած նորմերը: Դրա համար այս տարի կառավարությանն առաջարկել են 19 տոկոսով կրճատել շինարարությանը հատկացվող գումարները:
Բանն այն է, որ 2013-ին Հայաստանում պետական տարբեր ծրագրերով նախատեսված է 179 մլրդ. դրամ գումար:
Վերահսկիչ պալատն առաջարկում է պետբյուջեյով նախատեսված այս գումարը կրճատել 19 %-ով: Այսինքն՝ շինարարական տարբեր ծրագրերին հատկացված գումարից կրճատել 35 մլրդ. դրամը:
Իսկ թե ինչու է ՎՊ-ն առաջարկում կրճատել միայն 19 տոկոսը, երբ իրենց կատարած հաշվարկներով՝ ավելացված տոկոսադրույքները շուրջ 83 տոկոս են կազմում, Ի.Զաքարյանն այսպես մեկնաբանեց. «Առայժմ մենք տրամաբանական ենք համարում այս 19 տոկոսն ուղղակի կրճատել»:
Ի դեպ, այս առաջարկով ՎՊ-ը վաղուց էր դիմել կառավարություն, բայց այստեղ գործը ձգձգվել է:
«Մենք երկար ժամանակ խոսել ենք ատկատներից, արդյունքում ուղիղ մեկ ու կես տարի է էկոնոմիկայի նախարարությունից նախագիծը գնում է ֆինանսների նախարարություն, ֆինանսներից' էկոնոմիկա, հիմա նորից հետ է եկել քաղաքաշինության նախարարության ոլորտ»,- ասաց Ի.Զաքարյանը:
Բայցեւայնպես, ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ կառավարության հետ ի վերջո ձեռք է բերվել համաձայնություն, որն էլ Ի.Զաքարյանին թույլ է տալիս վստահաբար պնդելու, թե «շուրջ 2 ամիս հետո այս նախագիծը կդառնա կառավարության որոշում»: