Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այս առթիվ Երևանի քաղաքապետարանը մի շարք միջոցառումներ էր կազմակերպել տարբեր ժամանցային գոտիներում, խաղահրապարակներում, այգիներում: Տոնական միջոցառում էր կազմակերպվել նաև Ազատության հրապարակում:
Այնտեղ տեղադրված էր նաև փոքրիկ բեմահարթակ, որից համերգային ծրագրերով ելույթ էին ունենում մանուկները: Հրապարակում ծաղրածուներ էին շրջում, տարբեր մուլտհերոսներ: Տոնը կարծես ստացված էր, երբ եղանակային անբարենպաստ պայմանները անախորժություններ ստեղծեցին, քամին պոկեց փակցված պաստառները: Բեմում եղած երեխաներին ցուցաբերվեց շտապ օգնություն: Այնուհետև սկսվեց անձրև տեղալ, հավաքված մանուկների տոնն այդ կերպ փչացավ:
Ծնողներից մեկը Lurer.com-ի թղթակցին պատմեց, որ քամին միանգամից սկսվեց, նրանք չէին էլ պատկերացնում, որ կարող է եղանակն այդքան կտրուկ փոխվել: Պաստառը ընկել էր հենց ոտքերի առաջ, որից էլ երեխան վախեցել էր: Ծնողը զարմանում էր, թե ինչպես կարող էին այդքան անփույթ վերաբերել միջոցառմանը: Չէ՞ որ այդ պահին բազմաթիվ երեխաներ կային և միջադեպը կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ:
Մեր զրուցակցի երեխան առանձնապես չէր տուժել, բայց հրապարակում կային բալիկներ, ովքեր վնասվել էին: