ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի պատգամավորական հարցումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում ապօրինի հրապարակված հայտարարության
վերաբերյալ.
Հարգելի պարոն Սարգսյան,
Երեկ երեկոյան ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում հրապարակվել է հայտարարություն հետևյալ վերնագրով՝ «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան», որտեղ նկարագրված է, որպես «վկայություն», սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած հանցագործության մասին՝ իբրև ճմարտության վերաբերյալ տեղեկատվություն: Համաձայն վերը նշված հրապարակման՝ մեջբերում եմ՝ «Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով…», «կա մի հարց՝ սկզբունքային նշանակություն ունեցող, որի մասին չենք կարող չխոսել, որի շուրջ լռություն են պահպանում անգամ շահագրգիռ մարմիններն ու լրատվամիջոցները»: Մանրամասները՝ տե´ս՝ http://syunik.gov.am/news/item/2013/06/05/hunisi1:
Վերը նշված հրապարակումից հետո, ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»: Մանրամասները՝ տե´ս՝ http://www.a1plus.am/am/politics/2013/06/05/sona:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ տրամադրել պատասխան պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.
ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է հետապնդում անօրինական նպատակ:
ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է շահագործվում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի, լիազորությունների չարաշահմամբ:
Եթե Դուք չեք վերը նշված հրապարակման նախաձեռնողը, ապա խնդրում եմ անցկացնել ծառայողական քննություն և հայտնել՝ ու՞մ նախաձեռնությամբ է նման հայտարարություն տեղադրվել ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում:
Պատրաստվում ե՞ք վերացնել ապօրինությունը և միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու ապօրինություն կատարողին կամ կատարողներին:
Պատրաստվում ե՞ք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից՝ նրանց գումարներով ֆինանսավորվող ՀՀ կառավարության կայք-էջը ապօրինի օգտագործելու համար:
Ի լրումն այս ամենի՝ խնդրում եմ անհապաղ վերացնել ապօրինի հրապարակումը:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ