Արգամ Հակոբյանը, պատիժ կրելով ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որպես մեղադրյալ ներգրավվել էր նոր քրեական գործով' այս անգամ արդեն կնոջ հետ:

Այսպես, ըստ քրեական գործի նյութերի՝ դատապարտյալ Հակոբյանը քրեակատարողական հիմնարկից հեռախոսակապ է հաստատել ազատության մեջ գտնվող մի անձի հետ ու համաձայնության եկել թմրամիջոց ձեռք բերելու հարցում: Որոշ ժամանակ անց այդ անձը զանգահարել է դատապարտյալի կնոջը՝ Լ.Հակոբյանին, և նրան հանձնել պոլիէթիլենով փաթեթավորված փաթեթ:

«Սևան» ՔԿՀ-ում տեսակցությունից առաջ Լ.Հակոբյանն անձնական խուզարկության է ենթարկվել ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից, որի ընթացքում նրա հեշտոցի միջից հայտնաբերվել է սավանի մեջ պոլիէթիլենով փաթեթավորված առանձնապես խոշոր չափի 14.461 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, զգալի չափի 0.0156 գրամ «բուպրենորֆի» տեսակի թմրամիջոց և ապակյա սրվակում առկա թմրամիջոցներ պատրաստելու նպատակով օգտագործվող պրեկուրսոր հանդիսացող 10.82 գրամ քացախաթթվի անհիդրիդ: Արգամ Հակոբյանի համար նախատեսված թրմամիջոցն այդպես էլ նրան չի հասել' իր կամքից անկախ պատճառներով: Փոխարենը երկուսով հայտնվել են ամբաստանյալի աթոռին:

Մինչ դատաքննությունն սկսելը Արգամ Հակոբյանը և նրա կինը միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ համաձայն են մեղադրանքի հետ' առաջադրված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր են ճանաչելով:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը' դատավոր Վ. Մկրտչյանի նախագահությամբ, Արգամ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Արգամ Հակոբյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 4 տարի 1 ամիս ժամկետով: Դատավճիռների համակցությամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի քրեական դատարանի՝ 2008թ. ապրիլի 30-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 5 ամիս և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 6 ամիս ժամկետով:

Լ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-266-րդ հոդվածի 4-րդ մասով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել պայմանական ազատազրկում՝ 2 տարի 15 օր ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով' հաշվի առնելով խնամքին մանկահասակ երեխա ունենալու հանգամանքը:

Հեղինակ:

«Փաստինֆո»