ԱԺ պատգամավորներին տուգանե՞լ են, թե աշխատավարձից հետպահում են արել այն բանի համար, որ նրանք չեն մասնակցել Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային: Խոսքը վերաբերվում է այն պատգամավորներին, ովքեր ներկա չեն գտնվել Սերժ Սարգսյանի երդման արարողությանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում: Բանն այն է, որ արարողությունը համարվել է ԱԺ հատուկ նիստ, եւ ԱԺ հատուկ նիստին բացակայությունը, փաստորեն, համարել են անհարկի:
ԱԺ ժառանգություն կուսակցության պատագամավոր Զարուհի Փոստանջյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժվարացավ ասել աշխատավարձից հետպահման չափը՝ ասելով, որ դեռ չի ստացել եւ տեղյակ չէ' որքան է հետպահումը: Սակայն ասաց, որ դա վերաբերվում է ոչ միայն իրեն, այլ բոլոր այն պատգամավորներին, ովքեր այդ օրը բացակա են եղել:
«Ինձ բանավոր են պատասխանել, որ դրա համար է հետպահումը, հիմա գրավոր եմ հարուցում արել, որ ինձ գրավոր պատասխան տան, եւ ես հիմքով մտնեմ դատարան»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորն ասաց նաեւ, որ նման դեպք չի եղել դեռ, եւ առհասարակ նիստերին՝ լինի հատուկ, թե հասարակ, պատգամավորի մասնակցել-չմասնակցելու հարցը համարվում է ԱԺ պատգամավորի իրավունքը:
Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստը, որը տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ ապրիլի 9-ին: Այդ նիստին չէին մասնակցում ԱԺ Ժառանգություն, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները, որոշ պատգամավորներ նաեւ ԲՀԿ-ից:
Քրիստինա Մկրտչյան