HayNews.am. «Ի վերջո ե՞րբ է գյուղատնտեսությունը բարվոք վիճակում լինելու»,- Ազգային Ժողովում գյուղատնտեսության ոլորտի 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանից հետաքրրքվեց պատգամավոր Վահագն Մախսուդյանը:
Հիշեցնենք, գյուղատնտեսության բյուջեի կատարողականը պետք է ըստ ժամանակացույցի քննարկվեր դեռևս մի քանի օր առաջ, սակայն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չէր ներկայացել քննարկմանը, ինչը դժգոհության տեղիք տվեց և որոշում կայացվեց քննարկումը հետաձգել:
Այսօր Ս. Կարապետյանը ներկայացել էր ու անմիջապես ընկավ պատգամավորներ Մախսուդյանի և Լյովա Խաչատրյանի քննադատության կրակի տակ։
«Ձեր հայրենասիրությունը, նաև մարտական տրամադրվածությունը չեն կարող արդյունք ապահովել, եթե չլինեն համակարգային փոփոխություններ»,- մասնավորապես շեշտեց Վ.Մախսուդյանը:
Ի պատասխան Ս. Կարապետյանը նշեց, որ իրենք անում են առավելագույնը, սակայն որոշ ծրագրերի նկատմամբ նախարարությունը լիարժեք իրավունքներ չունի, այնպես որ պետք չէ առկա բոլոր խնդիրները կապել նախարարության հետ:
Այստեղ տեղի տվեցին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի նյարդերը. «Բերեցիք, ծառերը սրսկեցիք' օգուտ չտվեց, ծրագիր եք իրականացնում, ոչ մի արդյունք չի տալիս: Չեմ հասկանում, եթե դուք եք ղեկավարում ոլորտը, ապա էլ ո՞վ է մեղավոր, ի՞նչն է պատճառը, որ այս վիճակն է։ Չե՞ք գտնում, որ ժամանակն է, որ գյուղատնտեսության կառավարման լիարժեք լիազորություններ տրվեն ձեզ»:
Վ. Մախսուդյանը նորից խոսեց. «Հետաքրքի՞ր է, իսկ ցորենի ներմուծված սերմրացուն բերք տվե՞ց»:
Ու երբ Ս.Կարապետյանը դրական պատասխան տվեց'միայն կարողացավ արտաբերել. «Տարօրինակ է»: