ՀՀ բնապահպանության և ԱՄԷ բնապահպանության ու կլիմայի նախարարությունների միջև ստորագրվելու է կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ քայլեր են իրականացվելու Հայաստանում՝ Խոսրովի անտառում հայտնաբերված կովկասյան ընձառյուծի պահպանման ուղղությամբ:

 

«Որոշ կենդանատեսակներ կան, որոնք վերացման եզրին են եղել, և ԱՄԷ-ի մեր գործընկերները մեծ ծրագրեր են իրականացրել: Վերականգնողական ծրագրից բացի, կարևոր է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում ստեղծենք բավարար պայմաններ... Կովկասյան ընձառյուծի առկայությունը նշանակում է, որ մեզ մոտ ձևավորված է բավարար էկոհամակարգ»,- ասաց Գրիգորյանը:

 

Միաժամանակ, նա ընդգծեց կովկասյան ընձառյուծի պահպանման գործում Հայաստանի առաջնորդող դերը միջազգային ասպարեզում, որովհետև այն հանդիսանում է Եվրոպայի վերջին խոշոր կատվազգին: «Կովկասյան ընձառյուծ կա Իրանում, Ռուսաստանում են փորձում վերականգնողական ծրագրեր իրականացնել, Եվրոպայում ընդհանրապես չկա որևէ խոշոր կատվազգի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագիրը համաեվրոպական է, ինչի մասին ԵՄ գործընկերները տեղյակ են:

2019 թ. հայտարարվել է Կովկասյան ընձառյուծի տարի։ Նման որոշում ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից՝ 2018-ի դեկտեմբերին: