ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ՌԴ «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության հետ, միջկառավարական պայմանագրով, նախաձեռնել է դիտողական ծրագրի իրականացում:
Դրա նպատակն է մերձերկրյա տիեզերական տարածքում հայտնաբերել մարդածին և բնական սպառնալիքները, այդ թվում' հիմնական ուշադրություն նվիրելով հին տիեզերանավե րի բեկորների հայտնաբերմանն ու դրանց ուղեծրերի որոշմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով ռուսական կողմի տրամադրած դիտողական մոդուլը ներմուծվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով: Աշխատանքները ներկայումս շարունակվում են, հետևաբար կազմակերպությունը խնդրել է ՀՀ կառավարությանը երկարաձգել մոդուլի մաքսային ռեժիմի ժամկետը 3 տարով:
Հաշվի առնելով աստղադիտարանի կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստելու գիտական աշխատանքների բարեհաջող իրականացմանը' ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է դրական լուծում տալ խնդրին:
Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում: