Հայաստանը աստղագիտական զարգացած ավանդույթներ ունեցող երկիր է, և հանցագործություն կլինի այդ ճյուղն աչքաթող անելը: Այս մասին լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ նշեց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

 

«Ամեն երկիր պետք է ունենա իր բրենդը: Միայն կոնյակը չէ մեր բրենդը: Հայաստանը բոլոր ժամանակներում ունեցել է աստղագիտության տվյալ ժամանակի համար բարձր մակարդակ: Բյուրականի աստղադիտարանը շատ արագ միջազգային ճանաչման հասավ Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ»,- ասաց տնօրենը' հավելելով, որ Բյուրականի աստղադիտարանը' որպես բրենդ, ու աստղագիտությունը պետք է կարողանալ պահպանել:

 

Անդրադառնալով Վիկտոր Համբարձումյանի թողած ավանդին' Հայկ Հարությունյանը նշեց, որ նրա առաջարկած գիտական մոտեցումները պետք է զարգացնել: «Համբարձումյանական աշխատանքներն ու մոտեցումները պահանջում են շարունակություն, քանի որ հենց այդ բնագավառում են վերջին տարիներին հիմնական արդյունքները գրանցվում' ակտիվ գալակտիկաների հետազոտություն, աստղառաջացման ուսումնասիրություն: Երբ Համբարձումյանն առաջակեց այդ մոտեցումները, աշխարհում չէին հավատում դրանց, իսկ այսօր բոլոր տեղերում դա զարգացնում են»,- ընդգծեց Հայկ Հարությունյանը:

 

Խոսելով երիտասարդ կադրերով աստղադիտարանը համալրելու մասին' բանախոսը նշեց, որ դա կարևոր հարցերից մեկն է, քանի որ պետք է պատրաստել սերունդեր, որոնք կշարունակեն նախորդների թողած ավանդը: «Աստղադիտարանում այսօր աշխատում են մինչև 30 տարեկան գիտաաշխատողներ, ովքեր գիտական անձնակազմի մոտ 30 տոկոսն են կազմում. դա մեծ թիվ է:

 

Եթե ասեմ, որ շատ հիացած եմ բոլորով, այդպես չէ, բայց նրանց մեջ կան նաև շատ լավ աշխատողներ, իսկ մյուսները պետք է շատ աշխատեն: Դիտողական ծրագրին, որ իրականացնում ենք «Ռոսկոսմոսի» հետ, մասնակցում է ութ հոգի, որոնցից վեցը երիտասարդներ են: Այդ տեսակյունից ուրախ եմ, որ դիտողական աստղագիտությունը սկսում է զարգանալ»,- հայտնեց աստղադիտարանի տնօրենը:

 

Բայց բանախոսը իր դժգոհությունը հայտնեց համալսարական ուսուցումից ու այն կադրերից, որ վերջին տարիներին են պատրաստվում: «Մենք այլ ճանապարհներ ենք որոնում, թե ինչպես կադրեր պատրաստենք աստղադիտարանում աշխատելու համար»,- նշեց Հայկ Հարությունյանը: