«Հրապարակ» թերթը գրել է.
Դեռեւս անցած շաբաթ Սրբազան շարժման տելեգրամյան ալիքն ու տեղեկատվական այլ աղբյուրներ հաղորդեցին, որ օգոստոսի 17-ին նախատեսվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ ակտիվի այցը Վանաձոր, իսկ օգոստոսի 18-ին հայտարարվել էր արշավ դեպի Ամբերդ։ «Սիրելի ընկերներ, գրանցվե՛ք Պայքարի արշավին դեպի Ամբերդի ամրոց եւ Վահրամաշեն եկեղեցի:
Երեկոյան տեղի է ունենալու խարույկի շուրջ զրույց Բագրատ Սրբազանի հետ»,- ասվում էր Շարժման տարածած հաղորդագրության մեջ։
Սակայն նախատեսված միջոցառումները չկայացան, ինչպես նաեւ հետաձգվեց երկուշաբթի օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում նշանակված հավաքը, այն տեղափոխվեց հիգշաբթի։ Պարզաբանում տարածեցին՝ քանի որ երկուշաբթի մեռելոց է, ուստի նպատակահարմար են գտել հինգշաբթի հանդիպել։
Ուշագրավ է, որ նախորդ երկու այցերի չեղարկման մասին որեւէ պարզաբանում չտարածվեց, առավել եւս՝ դրանց հետաձգման մասին, ինչն էլ տարատեսակ քննարկումների եւ վարկածների տեղիք է տվել քաղաքական դաշտում։ Որոշ շրջանակներում քննարկում են, թե շարժման առաջնորդները նախապես ճշտել են, որ Վանաձորում իրենց, այսպես ասած, չեն սպասում, եւ մի քանի հոգանոց հավաք է լինելու, ինչն իշխանությունները, քարոզչական դրոշակ դարձրած, օգտագործելու են սրբազանի դեմ, այդ պատճառով էլ վանաձորյան հավաքը չեղարկվել է, այլ ոչ թե հետաձգվել։
Մենք գրել էինք, որ Բագրատ սրբազանի մարզային այցերը խոչընդոտելու համար իշխանությունները ջանքեր չեն խնայում, ամեն ինչ անում են, որ ողջ պետական ռեսուրսով ահաբեկեն մարդկանց, որպեսզի նրանք չմասնակցեն այդ հանդիպումներին։ Ամենակարեւորը՝ ամենաբարձր մակարդակներից ուղղակի ահաբեկում են մարզային իշխանություններին, վարչական եւ համայնքային ղեկավարներին, որ եթե սրբազանի հանդիպումն իրենց համայնքում մարդաշատ ստացվի, ապա իրենց համար դա շատ լուրջ հետեւանքներ կունենա։ Տեղական իշխանիկներն էլ, քափ-քրտինք մտած, գործի են դնում բոլոր ջանքերը եւ արդարացնում Նիկոլ Փաշինյանի սպասելիքները։
Սակայն իշխանությունը նաեւ արձանագրում է, որ այդ ռեպրեսիաները չեն խանգարում, որ Բագրատ սրբազանը համառորեն իրագործի իր ծրագրերը, եւ վանաձորյան հավաքի չեղարկման պատճառն էլ, ըստ մեր տեղեկությունների, ամենեւին մարդկանց հնարավոր պասիվ մասնակցությունը չէ։ Շարժման ակտիվի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սրբազանն առողջական խնդիրներ ունի եւ շուրջ մեկ շաբաթ է՝ բավականին թույլ է զգում իրեն, եւ սա է պատճառը, որ մեկը մյուսի ետեւից հետաձգվում են նախապես հայտարարված միջոցառումները։ Բայց օգոստոսի 23-24-ին ճամբար են կազմակերպել Աղվերանում, որը, հուսով են՝ կկայանա։
Շարժման մասնակիցները զուգահեռ քննարկում են նաեւ սեպտեմբերյան պայքարի մարտավարությունը, եւ չնայած իշխանության կազմակերպած հակաքայլերին, Բագրատ սրբազանը չի պատրաստվում նահանջել եւ ավելի կոշտ ու, կարելի է ասել, վերքաղաքական լեքսիկոն է որոշել կիրառել իշխանության դեմ պայքարում։ Մեզ ասացին, որ մշակում են «նեռից ազատվելու ծրագիր»։ Նախ՝ մարդկանց ապացուցելու են, որ նեռը Նիկոլ Փաշինյանն է, որից րոպե առաջ ազատումը Հայաստանի փրկության համար ճանապարհ է բացելու։
Ի դեպ, նախնական քննարկումների համաձայն, Սրբազան պայքարի աշնանային մեկնարկը նախատեսում են սեպտեմբերի 7-ին կամ 9-ին։