Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ Սիրիայի Այն ալ Արաբ կամ Կոբանի քաղաքի 400 հազար բնակիչները հնարավոր է իսլամիստների հարձակումների պատճառով տեղահանվեն և տեղափոխվեն Թուրքիա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մոտ 138 հազար քուրդ գաղթականներ թուրքական տարածք են մտել նախորդ շաբաթվա սկզբին: Փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են: Գրասենյակի մամուլի քարտուղար Մելիսիա Ֆլեինգը նշել է, որ սահմանային 2 անցումները շաունակում են բաց մնալ:

 

Մյուս կողմից, ականատեսների խոսքով' Ռակկա քաղաքի բնակիչները ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով փախուստի են դիմել դեպի ավելի անվտանգ գյուղեր:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը հարձակվել է քրդական Կոբանի քաղաքի վրա: Քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը հսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

 

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մերձակայքում Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա: