ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի բնակիչներին պաշտպանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի մամուլի քարտուղարությունից տեղեկացրել են, որ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Իսլամական պետության ահաբեկիչների հարձակումներով, որոնց պատճառով մեծ թվով մարդիկ զոհվել, ինչպես նաև փախուստի են դիմել:

 

Հաշվի առնելով մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքների կոպիտ խախտումները՝ Պան Կի Մունը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել շրջափակմ ան մեջ գտնվող բնակիչներին պաշտպանելու համար:

 

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, հոկտեմբերի 6-ին ԻԼԻՊ-ը վերահսկողություն է հաստատել Այն ալ Արաբ քաղաքի արևելյան 3 թաղամասերի վրա: Տեղեկություններ կան, որ տասնյակ քրդեր և ահաբեկիչներ են սպանվել: Շուրջ 2 հազար անդամից բաղկացած քրդական պաշտպանական ուժերը փորձում են ետ մղել ահաբեկիչներին: