ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եվրոպական երկրներին կոչ է արել պատերազմից փախչող մարդկանց տրամադրել ապաստանի իրավունք: Մեկնաբանելով երեկ Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի հերթական վթարը' Պան Գի Մունը Միջերկրական ծովն անվանել է ներգաղթյալների համար ամենավտանգավոր ուղիներից մեկը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Գլխավոր քարտուղարը ցնցված ու խորապես վշտացած է Լիբիայի ափերի մոտ 700 ներգաղթյալների և փախստականների տեղափոխող նավի շրջվելու մասին հաղորդագրություններից: Ողբերգությունը ևս մեկն է անցած շաբաթվա իրադարձությունների թվում, որոնցում հարյուրավոր այլ ներգաղթյալներ ու փախստականներ են զոհվել»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում:
Նշենք, որ ներկա պահին հայտնի է, որ ջրից հաջողվել է դուրս բերել մոտ 30 մարդու:
2014-ին համանման հանգամանքներում մահացել են առնվազն 3500-ը:
«Միջազգային պատասխանը պետք է լինի համապարփակ և համընդհանուր: Մարտահրավերը վերաբերում է ոչ միայն ծովում փրկարարական գործողությունների բարելավմանը և պաշտպանական միջոցների հասանելիությանը։ Խոսքը ողջ աշխարհում պատերազմներից փախչող մարդկանց աճող թվին ապաստանի իրավունքով ապահովելու մասին է»,- ասել է նա: