ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում: Agence France-Presse-ին տված բացառիկ հարցազրույցում Պան Գի Մունը կոչ է արել ուկրաինական իշխանություններին, Ռուսաստանին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
«Ես պատրաստ եմ այդ բանակցություններում դեր խաղալ, եթե դրա անհրաժեշտությունը զգացվի»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը' հավելելով, որ մտահոգված է Ուկրաինայում շարունակվող բռնություններով և արյունահեղությամբ: Պան Կի Մունը կրկին շեշտել է Ժնևյան պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: «Ես պահանջում եմ, որպեսզի բոլոր հետաքրքրված կողմերը կրկին հանդիպեն, ետ նայեն, որպեսզի հասկանան' ի՞նչն է սխալ ընթացել, ինչո՞ւ այդ համաձայնագիրն իրականություն չդարձավ և ինչո՞ւ են երկրում շարունակվում զինված հարձակումները:
Ապրիլի 17-ին, Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները կնքեցին համաձայնագիր, համաձայն որի արգելվում է որևէ տեսակի անօրինական զինված հարձակում Ուկրաինայում: Սակայն Ժնևյան համաձայնագիրը կյանքի չկոչվեց, քանի որ հատկապես երկիրի արևելյան շրջաններում իրադրությունը խիստ լարված է: Օդեսայում մայիսի 2-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 47 հոգի, մի քանի հարյուր հոգի վիրավոր են: Երկրի այլ շրջաններում նույնպես չեն դադարում բախումները եվրոպամետների և ռուսամետների միջև: