Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարություն է արել Սիրիայում տեղի ունեցող վայրագությունների մասին ստացված անհանգստացնող տեղեկությունների վերաբերյալ: Կի Մունը պատերազմող կողմերից և նրանց աջակիցներից պահանջել է երաշխավորել խաղաղ բնակիչների և քաղաքացիների անվտանգությունը' անկախ կրոնական, համայնքային կամ էթնիկ պատկանելությունից: «Թե՛ սիրիական կառավարությունը, թե՛ զի նված խմբերը իրավական պարտավորություն և բարոյական պատասխանատվություն են կրում դրա համար: Նրանք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի խուսափեն և կանխեն քաղաքացիների դեմ իրականացվող բռնությունները, այդ թվում' հրետանային անխնա ռմբակոծությունները և օդային հարձակումները քաղաքացիական տարածքներում»,-ասվում է հայտարարությունում:

 

Անդարադարձ է կատարվում նաև թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Քեսաբ քաղաքի վրա կատարված հարձակումներին, որի հետևանքով հազարավոր հայ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին սարսափեցրել են զարհուրելի լուսանկարները, որոնք, իբր, վկայում են Քեսաբում իրականացվող մահապատիժների մասին: «Թեև ՄԱԿ-ը չի կարող հաստատել այդ ոճրագործությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների իսկությունը, այդուհանդերձ մարդու իրավունքների կոպիտ խախտումներն անհերքելիորեն շարունակվում են, և ամբողջ գյուղերի բնակիչներ, ինչպես, օրի նակ, Քեսաբում, ստիպված են լինում գաղթել»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Գլխավոր քարտուղարի առաջնորդությամբ' ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել հակամարտության քաղաքական կարգավորմանը, մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին և խթանել երկրի վերակառուցումը: