Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր վրդովմունքն է արտահայտել Ուկրաինայի Ռովնոյի մարզում բելառուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման կապակցությամբ: «Բելառուսական Գոմել քաղաքից Կարպատներ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի վրա զինյալները կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է վարորդը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Նա այս ծանր վիճակում գտնվում է Բրեստի մարզի հիվանդանոցում: Գլխավոր հյուպատոսությունը վիրավորին ցուցաբերում է անհրաժեշտ դիվանագիտական օգնություն»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ-ն նաև շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին՝ Ռուսաստանի քաղաքացուն օգնելու համար: Այս պահին վիրավոր վարորդը բելառուսական հիվանդանոցում է: Զբոսաշրջիկները նույնպես վերադարձել են Բելառուսի տարածք: Ավտոբուսի ուղևորների մեջ այլ տուժածներ չկան:

 

ՌԴ ԱԳՆ-ն ուկրաինական իրավապահներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր համակարգում կամ փորձում են համակարգել երկրում գործող արմատական ուժերԸ, պահանջել է ապահովել խաղաղ քաղաքացիների անվտանգությունը:

 

Փետրվարի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով կոչ է արել երկրի քաղաքացիներին հետաձգել Ուկրաինա և հատկապես Կիև ու Կիևի մարզ պլանավորած այցերը: