ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ Է արել Ռուսաստանին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի ճգնաժամի սաստկացման, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Կոչ եմ անում Ռուսաստանին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի իրադրության վատթարացման, եւ գործել կառուցողականորեն ու խաղաղ եղանակներով»,-Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Պան Գի Մունը:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնն ուղեւորվել է Ուկրաինա՝ ծանոթանալու երկրի իրադրությանը:

 

«Ուկրաինայում գտնվելու ընթացքում գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը տեղերում անձամբ կգնահատի փաստերը եւ այնուհետեւ գլխավոր քարտուղարին կտեղեկացնի այն հետագա քայլերի մասին, որ ՄԱԿ-ը կարող է կատարել լարված իրադրության թուլացմանն աջակցելու համար»,- ասված է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

 

Նախօրյակին Էլիասոնը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինային նվիրված արտահերթ հանդիպմանը: Ամփոփելով Անվտանգության խորհրդում կայացած կոնսուլտացիաների արդյունքները՝ նա լրագրողներին հայտնել է միջնորդության, դիտորդներ ուղարկելու եւ դիվանագիտական այլ նախաձեռնությունների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ առանձին երկրների առաջարկությունների մասին: Ինչպես ասել է Էլիասոնը, կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շատ լուրջ է վերաբերվում դրանց: