ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է Ռուսաստանին՝ վերանայել իր գործողությունները Սիրիայում, ընդսմին նա Վլադիմիր Պուտինին կառուցողական գործընկեր է համարել կարգավորման գործընթացում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ելույթ ունենալով Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովում՝ ԱՄՆ-ի նախագահը, ի թիվս այլ հարցերի, արծարծել է Սիրիայի իրադրությունը: Օբաման հույս է հայտնել, որ Փարիզի վրա իսլամիստների կատարած հարձակումը կազդի Սիրիայում ՌԴ-ի գործողությունների վրա:
ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ փարիզյան ողբերգությունից հետո Բաշար Ասադի ռեժիմին աջակցելը կարող է դադարել գերակայություն լինել ՌԴ-ի համար, իսկ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման օբյեկտների ոչնչացումը կարող է առաջին պլան մղվել:
Օբաման խոստացել է այդ հարցը քննարկել ՌԴ նախագահի հետ: Ընդսմին նա Վլադիմիր Պուտինին որպես կառուցողական գործընկեր Է բնութագրել Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում: