ԱՄՆ-ի կառավարությունը բնավ էլ մեռած չի համարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման՝ Մինսկում սկսված գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է արտասահմանյան ուղեւորության ընթացքում, ներառյալ Կիեւ, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին ուղեկցող ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ «ներկա փուլում ոչ ոք չի պատրաստվում մեռած հայտարարել Մինսկը»: Այդուհանդերձ, Վաշինգտոնը «լրջորեն անհանգստացած է» Մինսկի պայմանավորվածությունների կատարման կապակցությամբ, նշել է ամերիկյան կառավարության ներկայացուցիչը:

 

Ընդսմին Մինսկի համաձայնությունների իրագործման հետ կապված բոլոր բարդությունների ամբողջ պատասխանատվությունը նա բարդել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում գործող աշխարհազորայինների վրա: «Մենք այն կարծիքին ենք, որ ուկրաինական կողմը կատարել է գործարքի իր մասը: Սակայն ռուսաստանցիները շարունակում են տանկեր, զրահամեքենաներ ու հրետանի ուղարկել սահմանից այն կողմ: Անջատականները չափազանց ակտիվորեն կռվում են որոշակի շրջաններում, ներառյալ Դոնեցկի օդանավակայանը, որոնք տեխնիկապես մտնում են շփման գծի բուֆերային գոտու մեջ»,- նշել է ամերիկացի պաշտոնյան՝ մամուլի ներկայացուցիչների հետ զրուցելով Կիեւ տանող ճանապարհին:

 

Վաշինգտոնում նրա հայտարարությունների սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

 

Նախօրյակին, ինչպես հաղորդել Է ՏԱԱՍ-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Քիշնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ամփոփելով Մոլդովայի եւ Լեհաստանի նախագահներ Նիկոլայ Տիմոֆտիի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ վարած բանակցությունների արդյունքները, հայտարարել Է, թե Կիեւն ամեն ինչ կանի Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ ձեռքբերված Մինսկի համաձայնությունները կատարելու համար:

 

«Կիեւը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի բոլոր կողմերը կատարեն Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունները»,-ասել Է Ուկրաինայի ղեկավարը, ընդգծելով, որ Մինսկի պայմանավորվածությունները մնում են Դոնբասի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ:

 

Միաժամանակ Պորոշենկոն կրկնել Է «Ռուսաստանի կողմից արտաքին ագրեսիայի» դրույթը: «Պատերազմը կանգնեցնելու համար անհրաժեշտ Է խստիվ կատարել պայմանավորվածությունները. կանգնեցնել ռազմական գործողությունները, փակել սահմանները, ազատ արձակել գերիներին, դադարեցնել սպառազինությունների մատակարարումներն ահաբեկիչներին, սկսել քաղաքական բանակցություններ, ինչպես նաեւ ազատ ընտրություններ անցկացնել Դոնեցի եւ Լուգանսկի մարզերում»,-հավելել Է Ուկրաինայի նախագահը: