Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 12-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ընթացքում մտադիր են քննարկել Ղրիմի եւ ամբողջ Ուկրաինայի իրադրության կարգավորման ուղիները: Այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
«Դա շատ կարեւոր այց է: Այդ այցով մենք մեկ անգամ եւս հավաստում ենք այն, որ միջազգային ասպարեզի ամենակարեւոր խաղորդներն անհանգստացած են Ուկրաինայի իրադրությունից... Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը գնում է քննարկելու Ղրիմի եւ Ուկրաինայի իրադրության կարգավորման ուղիներ գտնելու հարցերը: Նախատեսված է նրա հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, եւ մենք հուսով ենք, որ այդ զրույցների ընթացքում կգտնենք Ղրիմի իրադրությունը կարգավորելու համատեղ մոտեցումներ»,- ասել է Դեշչիցան «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատասխանելով Ուկրաինայի տարածք ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ նա ասել է. «Ուկրաինայի կառավարության դիրքորոշումն այն է, որ այդ հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով: Մենք փնտրում ենք տարաբնույթ դիվանագիտական մեխանիզմներ եւ տարաբնույթ միջազգային ձեւեր, որպեսզի այդ իրադրությունը կարգավորենք առանց ուժի կիրառման»:
Մինչ այդ Կիեւ է ժամանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը՝ քննարկելու նոր օրենքների եւ Ուկրաինայում բռնարարքների հետաքննության ընթացքին հետեւելու համար միջազգային խորհրդատվական խմբի ստեղծման շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու հնարավորությունը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Եվրախորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը, Յագլանդը Ուկրաինայի մայրաքաղաք կայցելի Խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցի հետ:
Ինչպես սպասվում է, Կիեւում կողմերը կքննարկեն մարդու իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների իրավունքների բնագավառում փորձաքննությունների կազմակերպման հարցում օգնություն ցուցաբերելու Եվրախորհրդի առաջարկը: